News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:   

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թայվանուհուն մահապատիժ է սպառնում կղզու ամենամահաբեր հրդեհը կազմակերպելու համար
Կինը փորձել էր վրեժ լուծել իր ընկերոջից դավաճանության համար...
3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում․․․
Փող կտաս՝ բաց կթողնենք, չես տա՝ այստեղ կփտես․ Ադրբեջանում դատում են ուսադիրներով հանցագործներին
Նշվում է, որ լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել դատավարությանը՝ թեեւ այս հարցով համապատասխան որոշում չկա․․․
Արցախում ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան. Բեգլարյան
Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության…
Դատախազությունը հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու առաջարկներ է ներկայացրել
Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում...
Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է. նրա դեմ քրգործ կար
Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ