Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռատեղ ական է թե ՍԴ-ի համար, թե այս իշխանության, թե Հայաստանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով նրան, որ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն պետք է է քննի այդ կանոնակարգի սահմանադրականությունը, ապա ուղարկի ԱԺ:

«Հայաստանը շատ հապճեպ, կառավարության նիստին ներկայացվելուց հետո փաստաթուղթն ուղարկվեց ՍԴ: ՍԴ-ն սեպտեմբերի 10-ին աշխատանքային որոշում ընդունեց սեպտեմբերի 24-ին գործը քննելու համար: Նշեմ, որ «ՍԴ մասին. օրենքը եռամսյա ժամկետ է տալիս ընդհանուր վարույթ ընդունելուց հետո այս գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար: Բացի այդ ՍԴ մասին օրենքը ընդհանրական դրույթ ունի, որտեղ ասվում է, որ եթե որեւէ փաստաթուղթ Հայաստանի ինքնիշխանության վրա ազդող դրույթներ ունի, անպայման եզրափակիչ մասում պետք է դրան անդրադարձ կատարել: Այս փաստաթուղթը, ճիշտ է, առաջին հայացքից տեխնիկական, կազմակերպչական բնույթի նորմեր է պարունակում, սակայն վտանգավոր նորմեր կան: Իմ գնահատմամբ այս փաստաթուղթը ՍԴ-ն իրավասու էլ չէ մասնակիորեն ու առանձին դիտարկել, եւ դա է ականը: Արդյոք ՍԴ-ն՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն խայտառակ գործընթացներից հետո համալրվեց յուրայիններով, տեխնիկական մասով կդիտարկի եւ կտա «բաղձալի» դրական եզրակացությունը, թե՞ պրոցեսը ամբողջականության մեջ կդիտարկի»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ի տարբերությունը Հայաստանի շտապողականության, Ադրբեջանն այս փաստաթուղթը չի ներկայացրել իր հանրությանը եւ որեւէ վավերականության գործընթաց չի սկսել, Մելոյանն ասաց. «Այդ փաստաթղթի վերջին կետը տալիս է ուժի մեջ մտնելու կարգավորումները եւ այս փաստաթղթի ուժի մեջ մտնելու նախապայմանը այն է, երկու պետությունները ամփոփեն ներպետական գործընթացները եւ երկու պետություններում երբ կվավերացվեն եւ առկա կլինեն ուժի մեջ մտնելու փաստաթղթերը, նոր այս փաստաթուղթը գործող կհամարվի: Այսինքն եթե նույնիսկ Հայաստանի ՍԴ-ն դրական եզրակացություն տա, ԱԺ-ն էլ վավերացնի, այնուամենայնիվ, այն դեռեւս ուժի մեջ մտած չի համարվելու, քանի դեռ նույն գործընթացը Ադրբեջանում չի արվել:

Հաջորդը, մենք կարող ենք մտավախություն ունենալ, որ կրկին մեզ մոլորեցնելու փորձ է արվելու եւ միակողմանի վավերացման արդյունքում այս անհեթեթ դրույթները մեր պետության պարանոցին փաթաթելու եւ իրենց հակաիրավական գործողություններին արդարացնելու փորձ է արվելու»,- ասաց Գոհար Մելոյանը:

Նա նկատեց, որ դեռեւս 2020-ի նեյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը կամ դրան հաջորդած մի շարք փաստաթղթերը, որոնք իրենց ձեւով հայտարարություններ էին, հուշագրեր էին, բայց բովանդակությամբ միջազգային պրակտիկայի համատեքստում միջազգային պայմանագրեր էին, պետք է անցնեն նույն ներպետական վավերացման գործընթացները, սակայն չեն անցել. «Այս սահմանադրական հանձնաժողովները արդեն 4 տարի գործում են: Էպոպեան Տավուշի մարզում հայկական տարածքների հանձնումն էր այս հանձնաժողովների գլխավորությամբ: Մեր օրենսդրությունը հստակ ասում է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեով, ինչը տեղի չի ունեցել: Իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ մենք զիջում ենք ոչ թե մեր տարածքները, այլ Ադրբեջանին ենք վերադարձնում իրենց տարածքները:

Այդ գյուղերը, որոնց մասին խոսվում է, վարչատարածքային բաժանման մասին օրենքով, հենց այսօրվա դրությամբ հանդիսանում են տավուշի մարզի գյուղեր: Այդ տարածքներում սեփականության իրավունքով ՀՀ քաղաքացիներին պատկանող գույքեր կան: Երրորդ, յդ տարածքներում ընտրական գործընթացներ են կազմակերպվել: Եթե դա ՀՀ տարածք չէ, ո՞նց են ընտրական տեղամաս ձեւավորում»,- հայտարարեց Գոհար Մելոյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ներկայացրել որեւէ հիմնավորում, ընթացակարգային հղում, թե ինչից է բխում այսպես կոչված սահմանազատման գործընթացը. «Հաջորդ ականն այն է, որ նախաբանում իրենք հղում անելով Ալմաթիի հռչակագրի սկզբունքին, հնարավորություն են տալիս, որ եթե հետագայում խաղաղության պայմանագիր է կնքվում են նոր սկզբունքներ, այդ սկզբունքներն են առաջնային համարվելու: Այսինքն իրենք Ալմաթիի հռչակագրից շեղվելու հնարավորությունը ուղղակիորեն սահմանում են: Հասկանալի է, որ դա բնավ հօգուտ Հայաստանի չի լինելու: Այս անհստակությունը հակասում է Հայաստանի շահերին»: