Ժողովրդի 99 տոկոսն ուզում է դուրս գալ փողոց պայքարելու, բայց ամեն մեկն իր գործի մեջ խրված է: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության դիմաց լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակից անհատ ձեռներեցը: Ակցիայի մասնակիցները բողքում են հարկային բեռի ավելացումից եւ հայտարարագրման համակարգի ներդրումից:

«Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) վերևից սաղի գույքերը ստուգեց, ինչ-որ բաներ արեց, կոռուպցիան վերացրեց, հիմա հասավ մեզ։ Բոլորն էլ ուզում են դուրս գան, բոլորն էլ հոգնել են։ Օրինակ, մի ընթացք կար, որ ես ասում էի՝ սա երևի ընդդիմությունն է անում, ինքը էս կարգի չի: Չես իմանում՝ որին հավատաս: Խաբված ժողովուրդ ենք, մի խոսքով, անհույս, հույսներս կորցրած ապրում ենք»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Ամեն ինչ էլ անելու ենք, չպիտի կոտրվենք, այն կոտրվածին էլ պիտի բացատրենք, որ պիտի կանգնենք իրար կողքի: Ես ամեն ինչի պատրաստ եմ, որ ապրեմ իմ երկրում, ու ինչ-որ մեկը ինձ չասի՝ գնա Ամերիկա հարկ տուր: Ես այս երկրին 15 տարի է հարկ եմ տալիս, ու այս երկրից ոչ մի անգամ իմ ընտանեկան բյուջեում ոչ մի կոպեկ չի ծախսվել:

Եթե ես իմ հարկերի թիվը հաշվեմ, իմ տնից ինչքան գումար է գնում պետբյուջե, դա երևի չափից շատ կլինի: Ես չորս-հինգ ամսում այդքան չեմ կարող իմ ընտանիքի վրա ծախսել»: