Պերմի ժամանցային ակումբներից մեկում շաբաթ գիշերը բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել, եւս 142-ը մարմնական վնասվածքներ են ստացել։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23։30-ին, իսկ արդեն 00։10-ին կրակը հանգցված է եղել։
Մարմինների ճանաչման գործընթացը սկսվել է շաբաթ ժամը 10։00-ին։ Սպասվում է, որ այն կտեւի ամբողջ օրը։ Ներկա դրությամբ, հիվանդանոցներում է գտնվում 140 մարդ, որոնցից 61-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Հրդեհի պատճառ, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, դարձել է սառը հրավառության հետ կապված անսարքությունը։ Դեպքի վայրում պայթուցիկ իրերի հետքեր չեն հայտնաբերվել։
Քննչական մարմնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, հրդեհի պատճառ է դարձել հրավառության հետ ոչ պատշաճ կերպով վարվելը։ Նա ընդգծել է, որ «այս դեպքում ահաբեկչության մասին ավելորդ է խոսել»։
Ներկա դրությամբ ՌԴ նախագահի հանձնարարականով Պերմ են ժամանել Ռուսաստանի Արտակարգ իավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, ՆԳ եւ Առողջապահության նախարարներ Ռաշիդ Նուրգալիեւը եւ Տատյան Գոլիկովան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի խոսքով, Մեդվեդեւը վարչապետ Պուտինին հանձնարարել է դեպքի մանրամասները ճշտելու, ինչպես նաեւ զոհվածների հարազատներին օգնություն ցուցաբերելու համար կառավարական հանձնաժողով ձեւավորել։




























