Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության, դեմ են հանդես եկել «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծի ընդունմանը: Անգամ ՀՅ Դաշնակցությունը, ի դեմս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բացասական եզրակացություն է տվել օրինագծին:

Օրինագծի հեղինակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որը ԱԺ-ում դեկտեմբերի 5-ին կայացած նիստում ստիպված է եղել 90 օրով հետաձգել օրինագիծը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՅԴ ներկայացուցիչների վարմունքը, նշեց. «Բոլորն էլ դեմ են: Մենք օրինագիծը ներկայացնելուց առաջ դիմել էինք Դաշնակցությանը, որ միանային: Իրենք ասացին, թե շատ ավելի լուրջ քննարկումների խնդիր ունեն, բայց քանի որ դա տեղի չունեցավ, ՀՅԴ-ն գտնում է, որ Հայաստանի ԱԺ-ն չպետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա մի խնդիր է, որի շուրջ կա լուրջ տարաձայնություն: Ժառանգությունը գտնում է, որ այդ հարցը պետք է լուծել անմիջապես, մյուսներն ընդհանրապես դեմ են»: