Ավարտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուսանկարի կապակցությամբ հարուցված ծառայողական քննությունը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ:

«Հայկական ժամանակը» հրապարակել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էին ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին՝ Դրոյի գործով, Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով, եւ «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը, եւ նշել, թե խմբակային այցելություններն արգելված են օրենքով:

Լուսանկարի կապակցությամբ քննություն էր նշանակվել, եւ արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը հրաժարական էր ներկայացրել:

ԱՆ-ն պարզաբանել է նաեւ, թե «դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ եւ հիմնարկի պետի թույլտվությամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին»:

Ի դեպ, արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հրաժարվեց հայտնել տույժի ենթարկվածների անունները՝ հորդորելով բավարարել պաշտոնական հաղորդագրությամբ: