Երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում ամերիկյան ֆոնդային ինդեքսները նվազում են գրանցել։
Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ընկերությունների շուկայական արժեքը կտրուկ անկում է ապրել այն լուրերի ֆոնին, թե OpenAI-ը չի կարողանում հասնել եկամուտների և օգտատերերի ներգրավման իր իսկ սահմանած նշաձողին։ Ընկերությունն այս հրապարակումները որակել է որպես «քլիքբեյթ»՝ պնդելով, որ գործարարների ու գովազդատուների կողմից պահանջարկի աճ են տեսնում, սակայն դա չի օգնել իրավիճակին։
OpenAI-ի հավաստիացումները չկարողացան փոխել ներդրողների տրամադրությունը։ Նրանց մոտ դեռ գերակշռում է այն մտավախությունը, որ ԱԲ ենթակառուցվածքների վրա արվող ահռելի ծախսերը կարող են պարզապես չարդարացվել։
Սակարկությունների արդյունքում Amazon.com Inc.-ի կապիտալիզացիան նվազել է 0,5%-ով, Meta-ինը՝ 1,1%-ով, Nvidia Corp.-ինը՝ 1,6%-ով, իսկ Oracle Corp.-ինը՝ 4,1%-ով։ Անկում են գրանցել նաև տեխնոլոգիական այլ ընկերություններ. Super Micro-ն՝ 2,2%-ով, CoreWeave-ը՝ 5,8%-ով, Advanced Micro Devices-ը՝ 3,4%-ով, Broadcom-ը՝ 4,4%-ով և Micron-ը՝ 3,9%-ով։ Այս ֆոնին միայն Microsoft Corp.-ին է հաջողվել ավելացնել շուկայական արժեքը 1%-ով։
Նավթի գների բարձրացմանը զուգահեռ աճել են նաև էներգետիկ ոլորտի հսկաների բաժնետոմսերը. Marathon Petroleum-ը թանկացել է 2,4%-ով, Exxon Mobil-ը՝ 1,6%-ով, Chevron Corp.-ը՝ 1,9%-ով, Devon Energy-ն՝ 2,7%-ով, Occidental Petroleum-ը՝ 2,3%-ով և ConocoPhillips-ը՝ 2,2%-ով։
Իսկ ահա UPS-ի բաժնետոմսերի գինը նվազել է 4%-ով։ Աշխարհի խոշորագույն առաքման ծառայությունը հայտնել է առաջին եռամսյակի ցուցանիշների անկման մասին. զուտ շահույթը կրճատվել է 29%-ով, իսկ հասույթը՝ 1,6%-ով։
Coca-Cola Co.-ի շուկայական արժեքն աճել է 3,9%-ով։ Զովացուցիչ ըմպելիքների աշխարհի խոշորագույն արտադրողը հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթն ավելացրել է 18%-ով, իսկ հասույթը՝ 12%-ով։ Ընդ որում, թե՛ ճշգրտված շահույթը և թե՛ հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։ Ընկերությունը նաև բարելավել է տարեկան շահույթի իր կանխատեսումը։
T-Mobile-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 2,2%-ով։ Սա տեղի է ունեցել այն լուրերի ֆոնին, որ բջջային օպերատորը մտադիր է երկու ռազմավարական համատեղ ձեռնարկություն ստեղծել օպտիկամանրաթելային կապի ոլորտում և դրանցում ներդնել 2,7 միլիարդ եվրո։
Երեքշաբթի մեկնարկել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) երկօրյա նիստը, որը վերջինը կլինի Ջերոմ Փաուելի համար՝ որպես կարգավորող մարմնի ղեկավար։ Շուկայի մասնակիցները հակված են այն մտքին, որ ԱՄՆ կենտրոնական բանկը տոկոսադրույքները կթողնի անփոփոխ։
Երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 0,05%-ով և կազմել 49141,93 կետ։
Standard & Poor's 500-ի արժեքը նվազել է 0,49%-ով՝ հասնելով 7138,80 կետի։
Nasdaq Composite ինդեքսը կորցրել է իր արժեքի 0,90%-ը և օրն ամփոփել 24663,80 կետի նշագծին։





























