Հայաստանի ժամանակակից պատմության ամենասարսափելի ավիավթարից անցել է 20 տարի։

2006 թվականի մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը, Ադլերի օդանավակայանին մոտենալիս, կործանվել է Սև ծովում։ Զոհվել է 113 մարդ։

Ինքնաթիռը վարում էին օդանավի 40-ամյա հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և երկրորդ օդաչու, 29-ամյա Արման Դավթյանը։ Երկուսն էլ համարվում էին փորձառու օդաչուներ, որոնք լավ ծանոթ էին Airbus A320-ին։ Անձնակազմում էր նաև բորտինժեներ Նիկոլայ Խաչատրյանը։ Ինքնաթիռի սրահում աշխատում էին հինգ ուղեկցորդներ՝ Մարինա Հասրաթյանը, Լուսինե Գևորգյանը, Անահիտ Աբելյանը, Ռոման Շելեմետևը և Արմեն Հարությունյանը։

Չվերթի 105 ուղևորներից 77-ը Հայաստանի քաղաքացի էին, 26-ը՝ ռուսաստանցի, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի մեկական քաղաքացի։ Օդանավում կար 6 երեխա։ Ուղևորների թվում էին Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավարի որդին՝ Կարլոս Պետրոսյանը, ինչպես նաև ՔԱԳՎ նախկին տնօրեն Վյաչեսլավ Յարալովը՝ կնոջ հետ։

EK-32009 գրանցահամարով Airbus A320-211 ինքնաթիռը 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ժամանակով ժամը 01:47-ին մեկնել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Սոչի ժամանման ակնկալվող ժամը Մոսկվայի ժամանակով 02:05-ն էր։ Թռիչքից մոտ կես ժամ անց, երբ օդանավը գտնվում էր Թբիլիսիի կենտրոնի կարգավարների պատասխանատվության գոտում, անձնակազմը կապ է հաստատել Սոչիի հետ՝ խնդրելով ներկայացնել փաստացի եղանակը։ Սոչիի կարգավարը հայտնել է, որ եղանակը օդանավակայանի նվազագույնից ցածր է, և հրամանատարը որոշել է վերադառնալ Երևան։ Քիչ անց նա խնդրել է օդանավակայանում եղանակի փաստացի չափում կատարել։ Ստացված պատասխանը եղել է հետևյալը. «Արմավիա 967, տեսանելիությունը՝ 3 600 մետր, ստորին սահմանը՝ 170 մետր, 30 րոպե առաջվա տվյալներով։ Եղանակը եզրագծին է, բայց անցանելի»։ Դրանից հետո անձնակազմը որոշել է շարունակել թռիչքը դեպի նախնական նշանակման կետ։ Սոչիին մոտենալիս օդաչուն կրկին կապ է հաստատել Սոչիի կարգավարի հետ։ 02:10-ին, իջնելով մինչև 600 մետր բարձրության, օդաչուները կարգավարից ստացել են եղանակի վերջին տվյալները՝ հորիզոնական տեսանելիությունը 4 000 մետր, ամպերի ստորին սահմանի բարձրությունը՝ 190 մետր։ Ինքնաթիռը թույլտվություն է ստացել վայրէջքի համար։ Սակայն 30 վայրկյան անց կարգավարը հայտնել է, որ ամպերի ստորին սահմանը 100 մետր է, և ինքնաթիռը պետք է դադարեցնի վայրէջքն ու երկրորդ շրջանի գնա։ Կատարելով կարգավարի հրահանգը՝ օդաչուները դադարեցրել են իջեցումը և սկսել բարձրություն հավաքել։ 02:13-ին ինքնաթիռը անհետացել է ռադարների էկրաններից։ Երկու ժամ անց հայտնի է դարձել, որ ինքնաթիռը ծովն է ընկել։

Աղետի վայրում որոնողական աշխատանքներին մասնակցել են տասնյակ նավեր։ Գելենջիկից աղետի շրջան է ուղարկվել «Գնոմ» խորքային հեռակառավարվող ստորջրյա սարքը։ Որոնման շրջան է ուղարկվել նաև հատուկ էխալոտ։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել են նաև ֆրանսիացի մասնագետներ Թուլուզից։ Զոհվածների մարմինների և ինքնաթիռի բեկորների որոնումը շարունակվել է մի քանի ամիս։ Մայիսի 5-ը Հայաստանում և Ռուսաստանում հայտարարվել է սգո օր։

Ինքնաթիռի ինքնագրիչը ծովի հատակից հաջողվել է բարձրացնել աղետից մի քանի շաբաթ անց։ «Սև արկղը» բարձրացնելու գործողությունը տևել է ինը ժամ։ Վերծանման և նյութերի երկարատև ուսումնասիրության արդյունքներով Միջպետական ավիացիոն կոմիտեն եզրակացրել է, որ ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային գործոնն էր՝ վատ եղանակային պայմանների հետ զուգակցված։ Չնայած պաշտոնական վարկածին՝ երկար ժամանակ տարբեր լուրեր էին շրջանառվում՝ ահաբեկչությունից մինչև հրաձգություն և պատանդառություն։ Ահաբեկչության և վառելիքի պակասի մասին ենթադրությունները հերքվել են։ Քննությունը ցույց է տվել, որ ինքնաթիռը բախվել է ջրին աշխատող շարժիչներով՝ գտնվելով տեխնիկապես սարքին վիճակում։ Քննությունն իրականացրած փորձագետները հայտնել են, որ «սև արկղերը» ինքնաթիռում ոչ կրակոցների, ոչ էլ պայթյունների ձայներ չեն արձանագրել։ Գրեթե մինչև վերջ չվերթում որևէ արտակարգ իրավիճակ չի եղել։ «Արմավիայում» նույնպես հերքել են վառելիքի պակասի վարկածը։

Թե ինչու փորձառու օդաչուները չկարողացան հաղթահարել իրավիճակը, փորձագետները կարող են միայն ենթադրել։ Հոգնածություն, սթրես, թռիչքի պարամետրերի, մասնավորապես բարձրության և թեքության նկատմամբ վերահսկողության կորուստ՝ գիշերային թռիչքի և բարդ օդերևութաբանական պայմաններում. այսպես են ենթադրել ՄԱԿ-ում։ Կարևոր դեր է ունեցել նաև հենց օդանավակայանի բարդությունը, որի թռիչքուղին սկսվում է գրեթե ծովի մոտ, ինչպես նաև դրա անբավարար տեխնիկական հագեցվածությունը։  

Ողբերգության հիշատակին Երևանում հուշարձան է տեղադրվել, որի վրա գրված է.  

«Երևան-Սոչի 03.05.2006 չվերթի անմեղ զոհերի հիշատակին»։