Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր` մայիսի 3-ին, Շտապբուժօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության գործի քննության շրջանակներում, մեղադրող կողմը դատարանին առաջարկել է  ամբաստանյալ Արտակ Կարապետյանի նկատմամբ որպես պատիժ կիրառել ազատազրկում`16 տարի ժամանակով: Դրա հետ տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանը չի համաձայնել, նա հայտարարել է, որ 16 տարին բավական մեղմ պատիժ է: Վերջինս դատարանին խնդրել է Արտակ Կարապետյանի նկատմամբ առավել խիստ պատիժ սահմանել: Ամբաստանյալը շարունակում է պնդել, որ ինքը մեղավոր չէ, եւ, որ բժշկի մահը ծեծի արդյունքում վրա չի հասել:

Հիշեցնեք, 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրբանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:

Բժշկի այրին նշել է, թե թույլ չի տալու, որպեսզի արտաշիրիմում կատարվի: Ինչպես հայտնի է Արտակ Կարապետյանի հարազատները պնդում են, որ բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում: Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

«Դեպքից 2 օր անց դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ ակնհայտ էր, որ կատարվածը սպանություն է: Ի՞նչ են ուզում, ի՞նչ արտաշիրիմում, ես թույլ չեմ տա, որ նրան տանջեն նաեւ մահվանից հետո»,-ասել է տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանը: Նրա խոսքով, ճանաչված բժիշկն առողջական խնդիրներ չուներ, նրան պարզապես սպանել են, իսկ հիմա ուզում են գործը կոծկել: «Նա ոչ մի բողոք չուներ, առողջ մարդ էր, ատամնացավ էլ այդ օրը նույնիկ չուներ, հիմա ասում են՝ մեռնելն եկել է, մեռել է: Հո ասելով չէ՞, մարդուն ծեծել են, խոշտանգել, ներքեւ են գլորել մեքենայից, իրենց տան ներսում է մահացել: Այնքան են հարվածել, որ կոշիկները հագից թռել են»,-դժգոհել է բժշկի այրին: