Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների 15-րդ առարկայական օլիմպիադայի 2011-2012 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1575  աշակերտներից հաղթող են ճանաչվել 61-ը:

Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը եւ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին են հանձնել Երեւանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ եւ հուշանվերներ, ինչպես նաեւ Եղիշե Չարենցի «Վերջին խոսք» ստեղծագործությունների ընտրանին, որտեղ ներառված են Չարենցի անտիպ գործերը: Ի դեպ, գիրքը հրատարակվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մեկենասությամբ:

Ողջունելով օլիմպիադայի հաղթողներին` Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը փաստել է, որ տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիվը. «Երեխաների համար սա ավելի լավ սովորելու, դեպի առաջ գնալու, օլիմպիականի կոչմանն արժանանալու լուրջ խթան է»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

Հուշանվերներից բացի աշակերտներն իրենց հետ տարել են նաեւ Երեւանի քաղաքապետի ջերմ ու անկեղծ բարեմաղթանքները, որում ասված է. «Իմ օլիմպիական բարեկամ, Եղիշե Չարենցի «Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդի» ստեղծագործության այս տողերը թող լինեն քեզ ուղենիշ: Հեքիաթային ու բարձր մեծագործության ճանապարհ ես ընտրել, ընթացիր, գնա քո ուղին, անվհատ թող լինի հոգիդ: Քո ապագայի համար նախանձախնդիր` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան»:

Քաղաքային փուլի հաղթողները Երեւանը կներկայացնեն նաեւ հանրապետական փուլում: