Բլոգերների գրառումներին անդրադարձող BlogNews.am կայքը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ կայքի եւ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի միջեւ տարաձայնությունները հարթված են։ Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ «ՍԱՍ Գրուպ»-ի եւ BlogNews.am կայքի միջեւ տարաձայնությունները, որոնք վեջին շրջանում մամուլի որոշ հրապարակումների եւ սոց. ցանցերում քննարկումների տեղիք էին տվել այլեւս հարթված են:

«ՍԱՍ Գրուպ» ընկերությունը, իր ոլորտում վայելելով բարձր հեղինակություն եւ միեւնույն ժամանակ գնահատելով խոսքի ազատության բացարձակ արժեքը, որոշում է կայացրել գալ հաշտության այսօր արդեն բլոգոլորտի յուրահատուկ հարթակ հանդիսացող BlogNews.am կայքի հետ: «ՍԱՍ Գրուպ» ընկերության եւ BlogNews-ի շահերը ներկայացնող Defense իրավաբանական ընկերության ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն հետ է վերցնում իր հայցադիմումը՝ հաստատելով, որ այլեւս չունի ոչ մի առարկություն BlogNews.am-ի դեմ: Միաժամանակ BlogNews.am-ը հաստատում է, որ չունի ոչ մի պահանջ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից:

Հիշեցնենք, որ բլոգերներից մեկի «ՍԱՍ Գրուպ»-ին ժամկետանց ապրանքներ վաճառելու մեջ մեղադրող գրառումը հրապարակվել էր նաեւ BlogNews.am-ում։ Արդյունքում «ՍԱՍ Գրուպ»-ի ներկայացուցիչը կապվել էր BlogNews-ի խմբագրության հետ եւ խնդրել նյութը կայքից հանել, սակայն մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, հղում անելով BlogNews.am կայքին վերահրապարակել են այն։  «ՍԱՍ Գրուպը» դիմել էր դատարան՝ BlogNews.am-ի գլխավոր խմբագրից պահանջելով 2.000.000 դրամ փոխհատուցում: