Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել  ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. «2012 թվականի մայիսի 1-ի հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր հանրությանը ապրիլի 29-ին Երեւանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանից հետո իրականացված ընթացակարգային միջոցառումների վերաբերյալ:

Պահպանելով իրավական գործընթացների մասին շահագրգիռ հանրությանը իրազեկելու իր գործելակերպը, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին Երեւանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց ընթացքում առանձին անձանց կողմից կատարված գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ:

Մասնավորապես, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստանալու մասին հայտարարած բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ եւ միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության անցկացմանն այդ անձանց ներկայությունն ապահովելու համար:

Միաժամանակ միջադեպի հայտնի բոլոր մասնակիցները գրավոր տեղեկացվել են բացատրություն տալու իրենց իրավունքի մասին, կատարվել են անհրաժեշտ կազմակերպչական գործողություններ նրանց հնարավոր բացատրություններն ամրագրելու համար:

Դեպքի մնացած մանրամասները պարզելու նպատակով հավաքվում են լրացուցիչ փաստաթղթեր եւ այլ նյութեր»:

Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում ոստիկանության եւ բնապահպան ակտիվիստների միջեւ բախում էր եղել, յոթ ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Մեկին` Եղյա Ներսեսյանին տեղափոխել էին հիվանդանոց: