Facebook սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր կոչով դիմել են հայ գործարարներին` կոչ անելով ներդրումներ անել սահմանամերձ շրջաններում:

«Հարգելի գործարարներ, գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղական համայնքներում գնալով պակասում է բնակչության թիվը, ինչի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Եթե այսպես շարունակվի, սա կարող է լուրջ վտանգ դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից: Կան համայնքներ, որտեղ արտագաղթի պատճառններից է ոչ միայն գործազրկությունը, այլեւ թշնամու գնդակոծությունները, ինչը վտանգում է տեղական բնակչության ֆիզիկական գոյությունը»,- ասված է բաց նամակում:

«Ուստի, հաշվի առնելով տեղում հայաթափումը կանխելու եւ ավելի հզորանալու անհրաժեշտությունը` կոչ ենք անում ներդրումներ կատարել Տավուշի մարզի Դովեղ եւ Այգեպար համայնքներում, ինչը տեղի բնակչությանը կկապի իր հողին: Մենք ունենք շատ մոտավոր պատկերացումներ ներդրումների ոլորտների մասին, ըստ մեզ, դրանք հետեւյալն են. հանքարդյունաբերություն, պահածոյագործություն, կաթնամթերքի արտադրություն, տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում: Խնդրում ենք, որպեսզի ձեր կողմից իրականացվի պրոֆեսիոնալ ուսումնասիրություն: Մենք կարող ենք համատեղել հայրենասիրությունը եւ բիզնես շահերը»,- նշել են նրանք: