Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 4-ին, այցելել է Արմավիրի մարզ: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են «Ակնալիճ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում, ծանոթացել ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին:
Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հանձնարարել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի կողմնակի ջրօգտագործումները` ապահովելու համար ջրի անհրաժեշտ քանակություն`ոռոգման եւ էներգետիկ նպատակներով օգտագործելու համար:
Այցի ընթացքում փոխվարչապետը Մեծամորում մասնակցել է Այգեգործական թաղամասի (որը գտնվում է Մայիսյան համայնքի վարչական տարածքում) խմելու ջրագծի բացման արարողությանը: Ջրագծի կառուցման եւ ջրամատակարարման ապահովման ծրագիրն իրականացվել է Արմավիրի մարզպետարանի, Մեծամոր եւ Մայիսյան համայնքների ֆինանսավորմամբ, աջակցություն են ցուցաբերել նաեւ բնակիչները: Կառուցվել է 1500մ ջրագիծ, որի միջոցով նախկինում խմելու ջրի խնդիր ունեցող թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Ցանցին արդեն միացել է շուրջ 100 տնտեսություն, առաջիկայում թաղամասի բոլոր` ավելի քան 200 բաժանորդներն ապահովված կլինեն խմելու ջրով:
Ա. Գեւորգյանը ողջունել է համատեղ, սեփական ուժերի համախմբմամբ համայնքային նշանակության նման կարեւոր ծրագրի իրագործումը` դրական համարելով նաեւ բնակիչների անմիջական մասնակցությունն իրենց համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու աշխատանքներին:




























