Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հոդվածը` ի պատասխան ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրերս ֆեյսբուքյան էջում զետեղած գրառումներին: Հիշեցնենք, որ Վ. Գաբրիելյանը մեկ անգամ արդեն NEWS.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Վ. Օսկանյանի Հ2 հեռուստատեսությամբ տված հարցազրույցին, ինչին հաջորդել էր Վ. Օսկանյանի պատասխանը ֆեյսբուքի միջոցով:
«Չէի ցանկանա եւս մեկ անգամ անդրադառնալ պարոն Օսկանյանի կողմից արվող զգացմունքային մտահոգություններով լի հայտարարություններին: Սակայն տնտեսագիտական առումով պարոն Օսկանյանի կողմից նշվող փաստարկները, ցավոք, չեն դիմանում որեւէ քննադատության: Այս իսկ պատճառով կարեւոր է դրանց հռետորաբանության ներկայացումը հասարակությանը: Փորձեմ միայն համառոտ ներկայացնել այդ տրամաբանությունը:
Իհարկե, Հայաստանում կան թերություններ, երբեմն աղաղակող: Ես երբեւէ չեմ պնդել, որ համաշխարհային ճգնաժամի տարիներին Հայաստանում աննախադեպ վերելք է եղել կամ, որ ի հեճուկս համաշխարհային միտումների եւ անցումային հասարակության պատմության եւ տրամաբանության, Հայաստանում ամեն ինչ բարեհաջող է՝ ողողված վարդագույն լույսերով: Տպավորություն ունեմ, որ պարոն Օսկանյանն անդրադարձել է ընդամենը լրատվության վերնագրին՝ դրանով իսկ շեղելով բանավեճի վեկտորը, եւ ոչ թե բուն հարցազրույցին, որտեղ լոկ անդրադարձել եմ հնչեցված տնտեսագիտական գնահատականներին. արդյոք կառավարության քաղաքականությունը եղել է զսպողակա՞ն, թե՞ ոչ, ինչպես նաեւ անդրադարձել եմ մտածողության եւ ինստիտուցիոնալ սահմանափակումների կարեւորության խնդրին՝ առաջնայնություն տալով երկրորդին: Ինչ վերաբերում է պարոն Օսկանյանի նշած փաստ(արկ)երին, ապա դրանք անտեսում են մի կարեւորագույն գործոն. համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Իհարկե, սխալ է ամեն թերություն բացատրել ճգնաժամով: Սակայն անտեսել սույն ավելի քան ակնառու փաստը, կարծում եմ, որքան էլ շահեկան լինի, այնքան էլ կոռեկտ չէ:
1. 2009 թվականը Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո միակ տարին էր, երբ գրանցվեց համաշխարհային տնտեսության անկում: Որեւէ պետություն կամ միջազգային կառույց 2008 թ. նման անկում չէր նախատեսել: Նման պայմաններում ենթադրել պայծառատեսների կուտակում ՀՀ կառավարությունում, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ:
2. Կառավարությունն ուղղակի, ըստ սահմանման, չի կարող առանց պարտքի մեծացման իրականացնել ընդլայնողական ֆիսկալ քաղաքականություն, հատկապես երբ տնտեսական անկում է: Իհարկե, պարտքն ավելացել է: Հենց դրանով էլ պայքարել ենք ճգնաժամի դեմ: Այլ ճանապարհ ուղղակի չկա, եթե նավթային երկիր չես՝ նստած դեռեւս չծախսած փողերի վրա: Չի կարելի միաժամանակ մեղադրել թե՛ մեկի, թե՛ մյուսի համար:
3. Աղքատների թիվն ավելացել է ամբողջ աշխարհում: Անգամ ԱՄՆ-ում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, 2008-2009թթ. աղքատությունն ավելացել է շուրջ 4 մլն մարդով: Խնդիրն իրականում այլ է՝ համաշխարհային ճգնաժամի ժամանակ որքանո՞վ է Կառավարությունը նպաստել, որ աղքատությունը չբարձրանա: Հայաստանի համար այդ գնահատականը տրված է Համաշխարհային բանկի մասնագետների կողմից՝ աղքատության ցուցանիշը 35 տոկոսից կբարձրանար 54 տոկոսի:
4. Արտագաղթի մասին տրվել են բազմաթիվ բացատրություններ, որոնք կրկնելու հարկ չկա: Կարեւորագույնը, սակայն, դրա սոցիալ-տնտեսական հիմքերն են, աղքատությունը: Հարցը կրկին այլ է՝ եթե Կառավարության հակացիկլիկ քաղաքականությունը չլիներ, ինչպիսին կլիներ իրավիճակը:
5. Մասշտաբային ծրագրերը հիմա իրականացվում են. դրանց հենց մասշտաբն էլ ենթադրում է, որ դրանք անմիջապես չեն սկսվում և մեկ տարում ավարտվում: Բնականաբար, ճգնաժամի պայմաններում նման ծրագրերի իրականացումը աշխարհի բոլոր ծայրերում դանդաղում է (եթե չի վերանում), ինչպես նաեւ առաջնահերթությունները վերանայվում են: Չթվեմ բոլոր ծրագրերը մեկ առ մեկ՝ իրենց ֆինանսավորման եւ կատարման փուլերի մանրամասներով. ծրագրերը, թեեւ դանդաղ, բայց ձեռնարկվում են:
6. Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ցածր է, ինչի մասին եւս միշտ նշել եմ՝ թե՛ մինչեւ Կառավարությունում լինելը, թե՛ հիմա: Սակայն կարեւոր են նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան, սկզբնակետը եւ այս ուղղությամբ գործադրվող ջանքերը. այս հարցին արդեն սպառիչ անդրադարձել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: 2008-11թթ. այս հարաբերակցությունն աճել է ՀՆԱ-ի մեջ 0.2 տոկոսային կետով ավելին, քան 2001-07թթ. ընթացքում, այն էլ աննախադեպ անկման եւ աննախադեպ հարկային արտոնությունների պարագայում:
7. «Ազգային պահուստային միջոցներից 700 միլիոն դոլարի փոշիացում» արտահայտությունը գեղարվեստորեն հնչեղ է, տնտեսագիտորեն ոչ ճիշտ: Սրան եւս բազմիցս անդրադարձներ եղել են, կրկնեմ միայն էականը: Միջոցները արտարժույթից դարձել են դրամ՝ ամրապնդելով բնակչության խնայողությունները եւ ֆինանսական համակարգը: Միջազգային փորձը ցույց տվեց, որ ճգնաժամի պայմաններում, երբ արժեզրկումն անխուսափելի է, պահուստները ամենաքիչն են ծախսվում հենց կտրուկ արժեզրկման դեպքում: Օրինակ, ղազախներն ավելի քիչ գումար ծախսեցին, քան ռուսները:
Ի՞նչ է տվել ֆինանսական կայունացման այդ քաղաքականությունը: Տվել է ճգնաժամի պայմաններում տնային տնտեսություններին կայունության ավելի մեծ պաշար, ինչպես նաեւ հնարավորություն է տվել պետությանը մեկ լումա չներդնել ճգնաժամի հետեւանքով տնտեսության ավելի խոցելի հատվածում՝ բանկերում: Իսկ այդ միջոցները դրվել են ոչ միայն զարգացած աշխարհի սնանկացած բանկերում՝ այդ թվում ավանդատուներին հատուցելու համար, այլեւ դրվել են Ռուսաստանում, Ադրբեջանում, միջազգային ֆինանսական կառույցների կողմից միջնորդավորված կերպով՝ Վրաստանում:
Ինչ վերաբերում է վարկավորմանը, ապա եւս մեկ անգամ կրկնեմ՝ 2009թ. տնտեսության վարկավորումը ՀՆԱ-ում աճեց շուրջ 5 տոկոսային կետով, շնորհիվ հակացիկլիկ քաղաքականության:
8. Անդրադառնամ վերջին խնդրին, որը հանրային գիտությունների տրամաբանությամբ, կանվանեմ Օսկանյանի վարկած կամ հիպոթեզ: Տեսականորեն ընդունված է, որ պաշտոնյա անհատները ներկայացնում են այն ինստիտուտի շահերը, որը ներկայացնում են: Պարոն Օսկանյանի վարկածը գիտականորեն դրա հակադարձն է: Փորձեմ ձեւակերպել այն ամբողջությամբ, ինչպես ես եմ հասկանում. Կենտրոնական բանկիրի հոգեբանությունը վնասակար է որոշակի կոնկրետ պատերից դուրս, եւ անխուսափելի վարակից հետո, անբուժելի է: Այն Կառավարությունում օգտագործելիս բերում է տնտեսական անկման: Բոլոր ինստիտուցիոնալ սահմանափակումները (կուսակցական, կառավարական, կառուցվածքային, տարածաշրջանային եւ այլն) անզոր են այս հզոր մենթալիտետի առջև: Բուժման միակ ձեւը կարանտինն է:
Վարկածի տեսակետից, սակայն, խնդիրներ կան: Նախ, օրինաչափության տեսակետից, եզրակացության համար դեպքերը շատ քիչ են: Երկրորդ, աշխարհում միակ օրինակները Հայաստանը եւ Ուկրաինան չեն, այն էլ միայն 2009թ:Ասենք, նույն Հայաստանի օրինակը 1999 թ.: Կա նաեւ Հնդկաստանի օրինակը, որտեղ վարչապետ Մանմոհան Սինգխը եւս եղել է Կենտրոնական բանկի նախագահ, մի երկրի, որտեղ 2009-11 թթ. գրանցվել է աշխարհի հինգերորդ ամենաբարձր աճը (առաջատարը Աֆղանստանն է՝ ամերիկյան փողերով): Կամ Հունաստանը, երբ տնտեսական աճի հույսի քաղաքական կոնսենսուսը ԿԲ նախկին նախագահն է: Երրորդ, եթե իրապես տեսությունը ճիշտ է, եւ որեւևէ կառուցվածքային սահմանափակում չի գործում, սահմանադրորեն պետք է ամրագրել Կառավարության անդամների հոգեբանական տեստավորումը՝ որ թեկնածուների մեջ այս կամ այն որակի վարակակիրներ չսպրդեն: Բայց այստեղ խնդիրը բարդանում է՝ վարակների ցանկը կարող է շատանալ: Այսօր կարող են բանկիրները լինել, վաղը՝ դիվանագետները, մյուս օրը՝ այլազգիները, նիհարները, ցածրահասակները կամ պեպենոտները:
Ամփոփեմ: Հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի ներկա վիճակը հոյակապ է, կամ որ չէր կարող ավելի լավը լինել, կամ որ սա օպտիմալն է տրված իրավիճակում: Չեմ հավակնում, որ Կառավարությանն ամեն ինչ հաջողվել է: Սակայն, որ Կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության վեկտորը ճիշտ է եղել, համոզված եմ: Այն որ, ճգնաժամի պայմաններում իսկապես իրականացվել է ընդլայնողական քաղաքականություն, որն իր արդյունքները տվել է (միգուցե շատ, միգուցե քիչ), եւս համոզված եմ, եւ համոզմունքս հիմնված է թվերի, եւ ոչ թե զգայական եւ հակասական տպավորությունների վրա»:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան




























