Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանն այսօր` մայիսի 4-ին, Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն, նախարարությունը եւ ՀՊՃՀ-ն համալսարանի տարածքում համատեղ կստեղծեն Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա:
Մասնավոր-պետական ընկերակցության շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի սարքավորումներ, համակարգչային ծրագրեր ու տեխնիկական օժանդակություն, իսկ նախարարությունը կաջակցի ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի կրթական կարողությունները եւ ընդարձակել հետազոտական ներուժը` զարգացնելով եւ ընդարձակելով ՀՊՃՀ կրթական եւ հետազոտական կառույցները:
Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի ՀՊՃՀ վեց հիմնական ուղղություները ներկայացնող լաբորատորիաներ, այն է` ռադիոճարտարագիտություն եւ հաղորդակցության համակարգեր, կիբերնետիկա, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա եւ մեքենաշինություն, տրասնպորտ: Լաբորատորիան ուսանողներին կտրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն` նրանց պրոֆեսիոնալ ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով:




























