Հայաստանյան տնտեսվարողները 2010-2011թթ. ընթացքում հարկային համապատասխանության ուղղակի ծախսերի գծով խնայել են 15մլն ԱՄՆ դոլար` IFC-ի աջակցությամբ հարկային հաշվետվությունների պարզեցված ընթացակարգերի արդյունքում: Այս մասին ասաց, IFC-ի Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանը:
Հարկային օրենսդրությունում 2011 թվականին կատարված որոշ բարեփոխումներին նախորդել է 2010թ. IFC-ի իրականացրած «Հարկային համապատասխանության արժեքը Հայաստանում» հետազոտությունը, որի նպատակն էր գնահատել տնտեսվարողների ժամանակային եւ դրամական ծախսումները` հարկային օրենսդրությանը համապատասխան հաշվառում վարելու նպատակով: «Այս նախապատրաստական աշխատանքն օգնել է հարկային բարեփոխումների սահուն իրականացմանը եւ թույլ է տվել ավելի պարզորոշ պատկերացնել բարեփոխումների վերաբերյալ արված առաջարկները»:
«Հայաստանյան իշխանությունները պատրաստակամորեն արձագանքեցին ծրագրին, ընդունեցին դրա հետագա օգտակարությունը եւ առավելագույն տեղեկատվություն տրամադրեցին: Այդ ամենը մեծապես նպաստեց մեր աշխատանքին: Մենք խորհրդատվություն ենք տրամադրել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները կատարելագործելու վերաբերյալ, քանզի դա կարեւոր էր երկրում գործարար միջավայրի համընդհանուր բարելավման առումով: 2010-2012թ. Հայաստանում հիմնվեցին հարկ վճարողների սպասարկման վեց կենտրոն, որոնք էականորեն բարելավեցին մատուցվող ծառայությունների որակը: Գործարար շրջանակները դրական են գնահատել հստակեցված ընթացակարգերը: Ավելին, Հայաստանի հարկային ծառայությունը երկրում առաջինն է սկսել ռիսկի վրա հիմնված ստուգումներ իրականացնել: Ակնկալվում է, որ հաջորդը կլինի աշխատանքի անվտանգության վերահսկողությունը»:
Հարկային ծառայությունների որակը կատարելագործելու նպատակով առաջարկվել է աստիճանաբար ներդնել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման պարտադիր կարգը: 2012թ. դրությամբ ԱԱՀ շեմը գերազանցող (58.35 մլն ՀՀ դրամից ավելի տարեկան շրջանառություն ունեցող) բոլոր հարկ վճարողներն իրենց հարկային հաշվետվությունները պարտավոր են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Ներկայումս հաշվետվական 59 ձեւերից առցանց հասանելի է 45-ը:
Որքանո ՞վ են տնտեսվարողները գոհ այն հանգամանքից, որ հարկային պաշտոնյայի հետ անմիջականորեն չեն շփվում:
«Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակին որոշ տնտեսվարողներ զգուշավորությամբ են վերաբերվում: Փոքր տնտեսվարողներն առաջին ամիսներին անհարմարություններ էին կրում, սակայն աստիճանաբար սկսում են գիտակցել, որ նոր համակարգը խնայում է իրենց ժամանակն ու դրամը», - ասաց Ա. Նազարյանը: Հարկային պաշտոնյայի հետ անմիջական շփումներն ամեն դեպքում չէ, որ ծառայում էին որպես «հարցեր լուծելու» զարտուղի եղանակ: Դրանք մեկ այլ` առավել հասարակ նպատակ էին հետապնդում. օգնում էին վերանայել հարկային հաշվետվությունները, հատկապես` փոքր տնտեսվարողների պարագայում, ովքեր պակաս փորձառություն եւ օրենսդրության եւ հաշվետվության ընթացակարգերի վերաբերյալ ավելի քիչ գիտելիքներ ունեին, այսինքն` պակաս չափով են վստահ իրենց ուժերին: «Այդուհանդերձ, նրանք սովորում են աշխատել նոր միջավայրում, ինչը վերջին հաշվով առավել արդյունավետ է երկու կողմերի համար էլ»:
IFC-ն նաեւ մասնակցել է 2011 թվականին Երեւանում մեկ պատուհանի սկզբունքով գործող բիզնեսի գրանցման կենտրոն հիմնելու վերաբերյալ առաջարկի մշակմանը: «Կենտրոնից ակնկալվող օգուտը նշանակալի է. 15 րոպեում կարող եք գրանցել թե´ բիզնեսը եւ թե´ շահույթ չհետապնդող կազմակերպությունը` տեղում ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն: Այդուհանդերձ, առցանց գրանցման հնարավորությունից օգտվելու դեպքերի թիվն աննշան է: Դրա համար մի քանի պատճառ կարող է լինել, այդ թվում` տեղեկատվության պակասը, էլեկտրոնային ստորագրություն ունենալու անհրաժեշտությունը, որի կիրառելիությունը դեռեւս անհրաժեշտ մակարդակի վրա չէ: Տնտեսվարողները դեռեւս նախընտրում են ֆիզիկական գրանցման ավանդական մեթոդը: Այդքանով հանդերձ, կարծում ենք, որ հանրային կարծիքը ժամանակի ընթացքում կփոխվի, եւ այս հարցում հասարակության ուսուցումը եւ տեղեկատվության ժամանակին տարածումը մեծ նշանակություն ունի», - ասաց Ա. Նազարյանը:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կողմից իրականացվող Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը 2009-ին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլն է, որը նախատեսված է իրականացնել մինչեւ 2014 թվականը: «Առաջին փուլում մենք կենտրոնացել էինք բիզնեսին վերաբերող կանոնակարգերի պարզեցման վրա` երկրում բիզնեսի իրականացումը հեշտացնելու նպատակով` դրանով իսկ միաժամանակ ապահովելով IFC-ի/Համաշխարհային բանկի Doing Business զեկույցի աստիճանակարգում Հայաստանի առաջխաղացումը: Հիմա ընտրել ենք երկու բնագավառ, որոնց Doing Business զեկույցը չի անդրադարձել, այն է` սննդի անվտանգությունը եւ տեսչական ստուգումների կատարելագործումը»:
Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրին ֆինանսապես աջակցում են Ավստրիայի ֆինանսների նախարարությունը եւ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունը:




























