Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունը որղբերգություն է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 6-ին ասաց խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբ այցելած առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը։
«Չեմ ցանկանում որեւէ կարծիք արտահայտել, դա ողբերգություն է, ցավալի է»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ պայթյունից հետո Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ է ունեցել, ՀԱԿ առաջնորդն արձագանքել է. «Իրեն հարցրեք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:
ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:
Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:
Այս պահին 154 տուժածներից 78-ը դեռ գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 17-ը` վերակենդանացման բաժանմունքներում:



























