Մոլիբդենի միջազգային շուկայում գնանկումը բացասաբար է անդրադարձել 2012 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի կատարման արդյունքների վրա: Այն առաջին հերթին անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ ֆեռոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «Մաքուր երկաթ» ընկերության վճարած հարկերի վրա: Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի 60%-ը մոլիբդեն է, ու այդ ընկերությունը շատ ավելի զգայուն է մոլիբդենի գների, քան պղնձի գների փոփոխության նկատմամբ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակում պակաս է վճարել 2.2 մլրդ դրամ հարկ, իսկ «Մաքուր երկաթը»`մոտ 30 մլն դրամ: Վերջինս առաջին անգամ 2005 թվականից հետո տեղ չի զբաղեցնում խոշոր հարկատուների առաջին հարյուրակում: «Մաքուր երկաթի» վնասները քիչ են այն պատճառով, որ ընկերության շահույթը ձեւավորվում է վերամշակման արժեքից, սակայն պահպանում է որոշ զգայունություն մոլիբդենի գնի նկատմամբ:

Լոնդոնի մետաղների բորսայում մոլիբդենի տոննայի գինը ապրիլի վերջի դրությամբ իջել էր մինչեւ 30 հազ դոլար, նախորդ տարվա 39 հազ. դոլարի համեմատ: Գնի ուժեղ անկում նկատելի է հատկապես 2011 թ. հոկտեմբերից, իսկ հունվարի սկզբներին մոլիբդենի գինը նույնիսկ իջել էր մինչեւ 28 հազ. դոլար:

Սակայն արդեն տեղեկություններ կան, որ մայիսի սկզբներից մոլիբդենը թանկանում է: Չինաստանում փակվել է Հենան նահանգի մոլիբդենի հանքավայրը` էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պատճառով; Քանի որ Չինաստանը մոլիբդենի խոշորագույն սպառողն ու արտահանողն է, այս գործոնը հանգեցրել է Չինաստանի ներսում մոլիբդենի թանկացման, ինչը աստիճանաբար տարածվում է նաեւ մյուս շուկաներում: