Արդեն մի քանի օր է, ինչ Վանաձորում չեն դադարում հորդառատ անձրեւները, լուրջ խնդիրներ պատճառելով մի շարք թաղամասերում ապրող բնակիչների: NEWS.am-ի Լոռիի թղթակցին այսօր զանգահարել են Բաղրամյան 56 Ա փողոցի սեփական տների բնակիչները ու հայտնել, որ հորդառատ անձրեւների պատճառով Բաղրամյան պողոտայով հոսող ամբողջ սելավաջրերը լցվում են իրենց հողամասերն ու տները, որոնց դեմն իրենք չեն կարողանում առնել:

Դեպքի վայրում հավաքվածները մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ խնդիրը երկար տարիներ է, ինչ առկա է, իրենք դիմել են համապատասխան բոլոր մարմիններին, սակայն նրանցից միայն չիրականացված խոստումներ են լսել, լավագույն դեպքում քաղաքային իշխանությունները բնակիչներին առաջարկել են իրենց ուժերով լուծել խնդիրը: «Սելավը գալիս լցվում է բակ, այգի, քշում տանում է, 4 անչափահաս երեխա ունենք,  չենք կարողանում մենք մեր ուժերով առաջը կանգնեցնել»,-ասաց նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ Մելիդա Աքուլյանը, հավելելով, որ նախորդ տարի եւս դիմել են քաղաքապետ Սամվել Դաբինյանին սելավատար կառուցելու համար:

Մարատ Աքուլյանի խոսքով, խորհրդարանական ընտրություններից առաջ եւս դիմել են, քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոստացել էր մարդիկ ուղարկել տարածքն ուսումնասիրելու համար, սակայն հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, «խոստումները մոռացվել են»:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի