Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Շիրակի մարզում մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ականների հաղթանակը ՀՀԿ-ականների նկատմամբ: Մեզ հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց. «Դուք լավ գիտեք` ոնց եղավ, բոլորդ լավ գիտեք: Մենք թույլ էինք, պարտվեցինք»,-ասաց Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով Շիրակի մարզի երեք ընտրատարածքներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Մարտուն Գրիգորյանի, Սամվել Բալասանյանի եւ Մուշեղ Պետոյանի հաղթանակին:
Հարցին, թե հնարավո՞ր է պարտությունը թանկ նստի ձեր վրա եւ զրկվեք պաշտոնից, Գյումրիի քաղաքապետը հակադարձեց. «Կապրենք կտեսնենք, թե ինչն էր պատճառը, ոնց եղավ, ինչ եղավ»: Իսկ թե ինչի էին թույլ, ինչում են թերացել, հարցին Վարդան Ղուկասյանը հարցով պատասխանեց` թե «դուք ինչ եք կարծում, իրենք իրենց շնորհքո՞վ են ձեռք բերել, թե ինչ-որ ուրիշ բանով»:
Նշենք, որ Շիրակի մարզի երեք ընտրատարածքներում ԲՀԿ-ականները հաղթել են ՀՀԿ-ականներին: Մասնավորապես, այսպիսին էր պատկերը այդ ընտրատարածքներում:
Թիվ 34
Գրիգորյան Մարտուն Կամոյի ԲՀԿ- 16704 ձայն
Գրիգորյան Մուրադ Հենրիկի ՀԱԿ- 1475 ձայն
Սահակյան Արման Սոսի ՀՀԿ- 14168 ձայն
Թիվ 35
Բալասանյան Սամվել Միսակի ԲՀԿ- 21459 ձայն
Թիվ 36
Մակեյան Պետրոս Ստեփանի ՀԱԿ- 1206 ձայն
Պետոյան Մուշեղ Թուրինջի ԲՀԿ- 15291 ձայն
Պետրոսյան Հունան Արեստակեսի ՕԵԿ- 10616 ձայն
Վարագյան Մխիթար Նորիկի ՀՀԿ- 10837 ձայն
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, անդրադառնալով ԲՀԿ-ականների հաղթանակին, ասել էր, այդ մասին հարցրեք Գյումրիի քաղաքապետին: Իսկ հարցին, թե ուզում եք ասել Ղուկասյա՞նն է թերացել, նա պատասխանել էր. «Ես չեմ կարող ասել: Ես ասում եմ՝ հարցրեք Գյումրիի քաղաքապետին: Չէի ասի՝ թերացել է, կարող ա ճիշտ չէին կազմակերպել իրենց աշխատանքները, բայց մարզի ամբողջ ցուցանիշը մենք փակել ենք: Եւ հարց է առաջանում՝ ո՞վ ա մարզի պատասխանատուն»:




























