Փարպեցի 14/11 հասցեում գտնվող «DIY փաբը» մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցնողները 4-5 երիտասարդներ են եղել` 20-22 տարեկան, ովքեր պարբերաբար կոնֆլիկտի մեջ են մտել սեփականատերերի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «DIY փաբի» տնօրեններից Նարինե Քեշիշյանը:
Նրա փոխանցմամբ` ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովային հրդեհի մասին տեղեկացրել է իր ընկերներից մեկը: Ոստիկանները դեպքի վայր ժամանող սեփականատերերին ասել են, թե հրդեհը ծխախոտը չհանգցնելու հետեւանքով է եղել, սակայն կողքի խանութի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես 4-5 երիտասարդներ ջարդել են պատուհանները, ինչ-որ բան լցրել եւ միանգամից փախել, իսկ ակումբը պայթել է:
«Մենք կարողացել ենք իմանալ հարյուր տոկոսով, թե ովքեր են եղել, տեսախցիկը ֆիքսել էր նաեւ, թե ինչպես այդ օրվա ընթացքւում մի քանի անգամ այդ երիտասարդներն անցել են ակումբի կողքով, այդ տեսանյութը տվեցինք ոստիկաններին»,- նշեց նա:
Նարինե Քեշիշյանի փոխանցմամբ` այդ երիտասարդներն իր շրջապատի մարդիկ չեն, հաճախորդներ չեն եւ իրենց հետ ոչ մի կապ չունեն: «Մենք իրենց ճանաչում ենք, որովհետեւ իրենք մի քանի անգամ մեր հետ կոնֆլիկտի մեջ են մտել, այսինքն` ակումբի առաջ թքում էին գետնին, հետ էին տալիս, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից բացի` ոչ մեկին չեն ընդունում, կարելի է ասել չուզողներ, թշնամի, ֆաշիստական ինչ-որ բաներ ունեն իրենց մեջ, մի քանի անգամ տարբեր տեղեր մտել են, խփել են, ջարդել են, փշրել են: Ննրանք մի բանով են առաջնորդվում, որ մենք, մեր հայրենիքը, ուրիշ ոչ մեկ, ոչ մի բան չեն ընդունում, շատ սահմանափակ են»,- ասաց տնօրենը` հավելելով, որ պայթյունը եղել է ատելության եւ նախանձի հողի վրա:
Պայթյունի հետեւանքով ամբողջ ակումբը` սառնարաններ, խմիչքներ եւ այլն, այրվել է, մնացել է ընդամենը 5-6 աթոռ եւ երկու սեղան:
Նարինե Քեշիշյանը հերքեց տեղեկությունները, թե ակումբը նույնասեռականների հավաքատեղի է. «Ոչ մի նման բան չկա, մեզ մոտ գալիս են կիրթ, մտավորական ու ստեղծագործող մարդիկ: Այստեղ համերգներ են կազմակերպվում, ֆիլմեր են ցուցադրվում: Այստեղի հաճախորդները նաեւ ուրիշ տեղեր են գնում, շատ-շատ տարբեր մարդիկ են»:
Ավելի վաղ MEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է:




























