Հայ ազգային կոնգրեսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, այսօր` մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լռությամբ պատվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հիշատակը: ՀԱԿ առաջնորդներից բացակայում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

ՀԱԿ ներկայացուցիչներից միայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայնեց խոսել: Նա իր շնորհավորական ուղերձը հղեց Հաղթանակի օրվա կապակցությամբ, այնուհետեւ նշեց. «Ինչպես ֆաշիստական Գերմանիային հաղթեցինք, այնպես էլ այս իշխանություններին կհաղթենք»:

Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, Բագրատյանն ասաց. «Չարը խափանվեց: Մի հատ նոր չար ա եղել, դա էլ շուտով կխափանվի»: Հրանտ Բագրատյանն արձագանքելով այն հարցին, թե ՀԱԿ-ը հնարավո՞ր է ինչ-որ ուժի հետ կոալիցիա կազմի, հեգնանքով ասաց. «Ինչ-որ մեկին պետք է գտնենք այնտեղ, համոզենք կոալիցիա կազմել: Տեսնենք, որ դեպուտատի հետ կոալիցիա կկազմենք»: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ՀԱԿ-ը հնարավոր է ԲՀԿ-ի հետ համագործակցության գնա, նախկին վարչապետն ասաց. «Ոչինչ չեմ կարող ասել»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի