Ոստիկանության Արարատի բաժնի պետ Կարեն Խաչատրյանին ծեծի չեն ենթարկել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը:
«Նման բան գոյություն չունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Ահարոնյանը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, անցած գիշեր, ժամը 12-ի մոտ 10-12 հոգի Արարատի հիվանդանոցի մոտ ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին:
Նշվում էր, որ Կարեն Խաչատրյանը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Նա մոտ երեք ամիս առաջ սկսել է աշխատել ՀՀԿ-ի համար` խոստանալով, որ եթե իրեն նշանակեն քաղաքի ոստիկանապետ, ինքը ընտրություններին առավելագույն ձայներ կբերի ՀՀԿ-ին: Գործարքը կայացել է, սակայն ՀՀԿ-ն, Արարատում պարտություն է կրել, եւ ՀՀԿ-ում նրան կասկածում են ընտրությունների համար տրված գումարները գրպանելու եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ «մանեւրելու» մեջ:




























