Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն` իր պաշտոնից ազատվելու մասին: Նա նշեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ պաշտոնից զրկվելու մասին իրեն ոչ ոք ոչինչ չի ասել, պաշտոնից զրկվելու մտավախություն էլ չունի: Ավելին, ոչ ընտրություններից առաջ, ոչ ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ խոսակցություն չի եղել եւ չի լինի:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հանրապետական կուսակցությունը Վայոց Ձորում քիչ ձայն է հավաքել, նա պատասխանեց. «Բնական է, որ Հանրապետականը պետք է քիչ ձայն հավաքեր, ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզպետն եմ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչն է բնական, վարչական ռեսո՞ւրս եք կիրառել, նա հակադարձեց. «Ոչ, պարզապես լավ ենք աշխատել եւ շահել ենք մարդկանց վստահությունը»:
Իսկ թե որտեղ է տեսնում իր աշխատանքը` օրենսդիրում, թե գործադիրում, նա նշեց, որ «որտեղ իր կուսակցությունը որոշի, այնտեղ էլ կլինի»:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ անկախ նոր ձեւավորվելիք կառավարության ձեւաչափից, առաջիկայում պաշտոնանկ են արվելու, առաջին հերթին, այն մարզերի ղեկավարները, որոնցում ՀՀԿ-ն կա’մ պարտություն է կրել, կա’մ համեմատաբար քիչ առավելություն է ունեցել ԲՀԿ-ի նկատմամբ: «Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին. Կոտայքը միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից շատ ձայն է ստացել: ԲՀԿ-ի համեմատ` ՀՀԿ-ի քիչ առավելություն ստացած մարզերի եռյակը գլխավորում է Վայոց ձորը, որի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նրա դեպքում դա բնական է` հաշվի առնելով կուսակցական պատկանելությունը: Իսկ ՀՀԿ-ի համար «համեստ» արդյունքներ արձանագրած Շիրակի անկուսակցական մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը պաշտոնանկ են արվելու վատ աշխատելու համար»,- գրել էր թերթերից մեկը:



























