Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իրեն պաշտոնից կազատեն` խորհուրդ տալով մի ամիս սպասել եւ ամեն ինչ պարզ կլինի:
«Եթե այդպիսի բան կա, ինչի՞ եք շտապում, համբերեք էլի, մնաց ընդամենը մեկ ամիս, եւ կառավարության կազմը կիմանաք, եւ մարզպետների մասին կիմանաք: Շատ եք շտապում, պետք չի շտապել, ժողովրդական խոսք կա չէ՞` վռազողի մայրը տղա չի բերում»,- նշեց նա:
Կ. Շահգալդյանի խոսքով, Հանրապետական կուսակցությունում իր պաշտոնից ազատվելու մասին խոսակցություններ չեն եղել եւ չի կարծում, որ դրա մեջ ճշմարտության հատիկ կա:
«Մտավախություն չունեմ, որ կազատեն, դա կյանքի խնդիր չէ, ես արդեն 12 տարի պաշտոնավարել եմ, դա ժառանգություն չէ, ինչի՞ են շտապում, չեմ հասկանում, ցանկանում են, որ «կապույտ երազներն» օր առաջ իրականությո՞ւն դառնան»,- նշեց նա` հավելելով, որ, այնուհանդերձ, իր աշխատանքն ավելի շատ պատկերացնում է գործադիրում:
Ւսկ թե ինչու Կոտայքի մարզում ՀՀԿ-ն ԲՀԿ-ից քիչ ձայներ է հավաքել, դա պայմանավորված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձո՞վ, թե՞ պարզապես լավ չեն աշխատել, նա կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Վատ ենք աշխատել, դու պիտի իմանաս` մեր երկրում ամեն ինչը: Այդպես էլ գրեք, որ ես վատ եմ աշխատել»:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ անկախ նոր ձեւավորվելիք կառավարության ձեւաչափից, առաջիկայում պաշտոնանկ են արվելու, առաջին հերթին, այն մարզերի ղեկավարները, որոնցում ՀՀԿ-ն կա'մ պարտություն է կրել, կա'մ համեմատաբար քիչ առավելություն է ունեցել ԲՀԿ-ի նկատմամբ:«Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին. Կոտայքը միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից շատ ձայն է ստացել:ԲՀԿ-ի համեմատ` ՀՀԿ-ի քիչ առավելություն ստացած մարզերի եռյակը գլխավորում է Վայոց ձորը, որի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նրա դեպքում դա բնական է` հաշվի առնելով կուսակցական պատկանելությունը: Իսկ ՀՀԿ-ի համար «համեստ» արդյունքներ արձանագրած Շիրակի անկուսակցական մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը պաշտոնանկ են արվելու վատ աշխատելու համար»,- գրել էր թերթերից մեկը:



























