Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հանկարծամահ եղած զինծառայող Գոռ Մարտիրոսյանն ընտանիքի միակ որդին է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը: Նրա խոսքով, Գոռը մեկ տարվա զինծառայող էր, իսկ մինչեւ բանակ գնալն ավարտել է Գավառի Կամոյի համալսարանը:

Գյուղապետը տղայի առողջական խնդիրների մասին ոչինչ ասել չի կարող, բայց կարծում է, որ եթե առողջական խնդիրներ ունենար, բանակ չէին տանի: «Տան թաք տղան է, մի հատ էլ իրենից փոքր քույր ունի: Մայրը դպրոցի երկար տարիների մանկավարժն է եղել, սակայն մեկ տարի է կրճատման տակ է հայտնվել, իսկ հայրը շինարարությամբ է զբաղվում: Նա պետք է մասնակցեր զինվորական շքերթին եւ այդ վարժանքների ժամանակ վատացել է»,- ավելացրեց գյուղապետը:

Գյուղի դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանն էլ ասաց, որ շատ լավ տղա է եղել Գոռը, վարքագծով, սովորելու առաջադիմությամբ: Մի անգամ դպրոցում ուշաթափվել է, բայց մտածել են, որ տարիքային առանձնահատկությամբ է պայմանավորված` սեռական հասունացման շրջանով: «Բայց միայն այդ դեպքն է եղել, էլ խնդիրներ չեն եղել: Հիմա ասում են, որ ինֆարկտ է տարել»,- նշեց դպրոցի տնօրենը: Նրա խոսքով, Գոռը նպատակ ուներ ծառայությունից հետո աշխատել իր կրթությանը համապատասխան:

ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը  NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Գոռ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կդառնա, թե որն է եղել մահվան պատճառը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 8-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի զորամասերից մեկում` մայիսի 8-ին, մահացել է ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը ով հանկարծամահ է եղել ֆիզպատրաստության ժամանակ: Նա շարահրապարակում վազելիս ուշագնաց է եղել: Գոռին 10 րոպե անց տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը: Քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: