Լոռիի մարզում այս ամիս արդեն երկրորդ կարտկահարության դեպքն է գրանցվել: Կուրթան համայնքում, մայիսի 10-ին, ժամը 18:00-ի սահմաններում սկսած կարկուտը տեւել է շուրջ կես ժամ, ինչը լուրջ վնաս է հասցրել համայնքի ցանքատարածություններին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Կուրթան համայնքի բնակիչները պատմեցին, որ կարկուտը լուրջ վնաս է հասցրել նաեւ բերքատու ծառերին: «Տերեւներն ու ցոգոլները սաղ թափվել են, կարելի է ասել բերքի կեսը ոչնչացել է, դե ցանքատարածությունների ու պտուղ բանջարեղենների սածիլների մասին էլ խոսելն ավելորդ է»,-ասացին նրանք:
Գյուղացիների փոխանցմամբ, գրեթե ամեն տարի նման վիճակ է իրենց համայնքում, սակայն պատկան մարմինները որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում: «Կուրթան գյուղն ու հարակից համայնքները ռիսկային գոտում են, ամեն տարի կառավարությունից գալիս են պատճառված վնասի չափերը ճշտում, բայց արդյունք չկա, արդյունքն էն կլինի, որ մի հատ հակակարկտային կայան տեղադրեն»,-դժգոհում են կուրթանցիները:
Հարկ է նշել, որ Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան համայնքը մյուս համայնքների պես պաշտպանված չէ բնական աղետից, ու չկա մի տարի, որ ազգաբնակչությունը ֆինանսական մեծ պարտքերի տակ չընկնի բնական աղետի պատճառով: Սա էլ այն դեպքում, երբ բանկերը գյուղվարկեր տրամադրելիս հաշվի չեն առնում ռիսկի գործոնը: Բնակիչները նեղսրտում են, որ այս տարի եւս, նախորդ տարիների նման հակակարկտային կայանների տեղադրումը կմնա միայն թղթի վրա: Կարկտահարության մեկ այլ դեպք էլ գրանցվել էր 2 օր առաջ` Ազնվազոր գյուղում:
Լոռիի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում օրեր առաջ վստահեցրել էր, որ այս տարի մարզում հակակարկտային կայաններ տեղադրվելու են 5 համայնքներում` Վարդաբլուր, Կուռթան, Գարգառ եւ եւս երկու համայնքներում. «Տեղանքներն ընտրված են, մնում է տեղադրել»: Իսկ թե երբ կսկվեն աշխատանքները, հայտնի չէ, սակայն գյուղացիները այս ամենին թերահավատորեն են մոտենում:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները` հեղինակի




























