Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելուց հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված եւ հանկարծամահ եղած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կդառնա, թե որն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«ՀՀ ՊՆ քննչական լրատվական ծառայությունից Մերի Սարգսյանը «Ժամանակին» ասաց, որ առայժմ տեղեկություններ չկան, թե տղան բանակ է զորակոչվել շարային, թե ոչ շարային ծառայության համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Գեղարքունիքի մարզի Սեւանի շրջանի Դդմաշեն համայնքից զորակոչված, արդեն 1 տարվա զինծառայողը դեռ փոքր տարիքից սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ զորակոչելուց առաջ բժշկական հանձնաժողովը դա պետք է որ նկատած լիներ»,- գրում է «Ժամանակը»։




























