Գործարար Սիլվա Համբարձումյանը չի մոռացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ մարզպետի 102 մլն դրամ պարտքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը` անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի` NEWS.am-ի հետ հարցազրույցում ասված խոսքին, թե. «Ես Սիլվայի մասին վաղուց մոռացել եմ, կարծում եմ՝ ինքն էլ ա մոռացել»:
«Թե´ լրատվամիջոցները, թե´ առավել եւս Սիլվա Համբարձումյանը չի մոռացել եւ´ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպը, եւ´ մարզպետի 102 մլն դրամ պարտքը,- ասաց Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ու հավելեց. «Նա նշում է, որ երբ Սյունիքի մարզպետ պարոն Խաչատրյանը կվերադարձնի պարտքը, Սիլվա Համբարձումյանի համար այդ անձը կլինի անցյալ»:
Նշենք, որ այսօր` մայիսի 11-ին, NEWS.am-ին տված հարցազրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել էր. «Ես Սիլվայի մասին վաղուց մոռացել եմ, կարծում եմ՝ ինքն էլ ա մոռացել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:
Հիշեցենք նաեւ, որ դեկտեմբերի 13-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին:
Ավելի ուշ, դեկտեմբերի 12-ին, ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Սիլվա Համբարձումյանը բողոքարկել էր այդ որոշումը, որը եւս մերժվել էր:
Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ կառաջադրվի այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվի Սուրեն Խաչատրյանը, իսկ ավելի ուշ նաեւ հայտարարել էր, որ չի բացառվում, որ ինքը դառնա ՀՀԿ անդամ:




























