Պետք է հետեւողական պայքար տանել, որպեսզի պատժվեն այն ոստիկանները, որոնք Մաշտոցի պուրակում, ապրիլի 29-ին բնապահպան ակտիվիստներին «բռնության ենթարկեցին, եւ անօրինական ձերբակալեցին»: Այս մասին այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստները: «Դա ոչ միայն բնապահպանական խնդիր է` ծառ, ծաղիկ, խոտ, այլ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, երկրի էկոլոգիական միջավայրը ոչնչանում է»,- նշեց ակտիվիստներից Գոռ Հակոբյանը:
Բնապահպաններն ուրախ են, որ իրենց պահանջը կատարվել է, սակայն անընդունելի են համարում, որ քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում լուծվող հարցին նախագահն է խառնվել` այդկերպ չարաշահելով նախագահական ինստիտուտի իր լիազորությունները:
«Պայքարի արդյունքում մեզ հաջողվեց հասնել նրան, որ Մաշտոցի պուրակը վերանվաճվեց եւ հանձնվեց հանրությանը: Հնարավոր եղավ մեր երկրում անել մի փոփոխություն, որտեղ 20 տարի շարունակ քրեաօլիգարխիկ օրենքներ են տիրում: Այսօր Մաշտոցի պուրակըայն վայրն է լինելու, որտեղ քաղաքացին անկախ իր մշակութային նախընտրություններից կարող է գալ, բերել իր մշակույթը, հաղորդակցվել այլ քաղաքացիների հետ եւ ունենալ ազատ խոսքի իրավունք»,- ասաց ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանը:
Նրանք համոզված են, որ նման քաղաքացիական պայքարներով է Հայաստանում կայանալու քաղաքացիական շարժումը:
Նշենք, որ 90 օր Մաշտոցի պուրակի ակտիվիստները պայքարում էին Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրելու դեմ:
Սակայն կրպակներն ապամոնտաժվեցին միայն նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 1-ին կատարած Մաշտոցի պուրակ այցելությունից հետո: Արդեն մայիսի 2-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժման մասին որոշումը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























