Հայաստանի բանկային համակարգում հաճախորդներին առաջարկվում է հերթական նորամուծությունը: «Յունիբանկը» Boomerang Software ընկերության հետ համագործակցությամբ ամռանն արդեն հաճախորդներին կառաջարկի mobile commerce (առեւտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: Ծառայությունից կարող են օգտվել Բանկի այն հաճախորդները, որոնց բջջային հեռախոսները սմարթֆոն տեսակի են: «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ համակարգն աստիճանաբար կտարածվի նաեւ մյուս հեռախոսների վրա: Նրա խոսքով` նոր ծառայությունը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով կառավարել հաշիվները, կատարել քարտից-քարտ փոխանցումներ, վճարել ապրանքների ու ծառայությունների դիմաց եւ այլն: Օրինակ` որեւէ ապրանք գնելու համար անհրաժեշտ է զանգել տվյալ խանութ եւ թողնել հեռախոսի համարը, այնուհետ հաստատել վճարումը: «Հեռախոսի մեջ բեռնվելու է հատուկ անվտանգության սերտիֆիկատ, որը թույլ կտա պայքարել զեղծարարական գործարքների դեմ»,- ասաց Մ. Հակոբյանը:
Gallery Systems ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բեզջյանը NEWS.am-ին ասաց, որ նոր ծառայությունը ոչ միայն հարմարավետ է, այլեւ հուսալի: Քաղաքացին, մասնավորապես, կարող է ցանկացած վայրից` մետրոյից, փողոցում, ավտոմեքենան վարելիս իրականացնել գնումներ, կատարել փոխանցումներ:




























