«Ոսկե ծիրան» 9-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի. հուլիսի 8-15-ը: Այս տարի աշխարհի շուրջ 70 երկրից փառատոնն ստացել է 1120 հայտ, իսկ անցյալ տարի` մոտ 700 հայտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: «Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե ծիրան» կ/փ-ը 2012թ կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք եւ կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ եւ համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները»,- հայտնեցին նախարարությունից:
Մրցութային ծրագիրը 2012թ կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ». վերջինս մեկնարկել է 2011թ եւ անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արեւելյան գործընկերության ծրագրի մի մաս եւ իրագործվում է Եվրամիության աջացությամբ:
Մինչեւ փառատոնի սկսվելը ծրագրվում է իրականացնել նաեւ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց միջազգային բարձրակարգ մասնագետների եւ Արեւելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ: Վերջիններիս համատեղ ուժերով փառատոնի օրերին կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:



























