Անցնող շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկայում նվազել է դոլարի առաջարկը: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,3 մլն դոլար եւ վաճառվել 75,1 մլն դոլար: Նշենք, որ ընտրություններին նախորդող շաբաթներին ֆինանսական շուկայում դոլարի շաբաթական առաջարկը գտնվում էր 80-100 մլն դոլարի սահմաններում` պայմանավորված նախընտրական ծախսերով:
Նվազել են նաեւ եվրոյի եւ ռուբլու հետ կատարվող գործարքները: Մասնավորապես` բանկերի կողմից գնվել է 4.2 մլն եվրո եւ 377 մլն ռուբլի, ինչը մոտ կիսով չափ զիջում է նախորդ շաբաթների ցուցանիշներին: Սակայն այստեղ որոշ դեր է ունեցել այն գործոնը, որ շաբաթվա օրերից մեկը ոչ աշխատանքային էր (մայիսի 9), եւ հավանաբար ԿԲ-ին ներկայացված հաշվետվություններում չի արտացոլվել:
Դոլարի ու ընդհանրապես արտարժույթի առաջարկի անկումը այն գործոններից մեկն է, որ նպաստում է այս օրերին դրամի թուլացմանը:




























