Հայաստանը մայիսի 14-17-ին կհյուրընկալի «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների եւ Միացյալ թագավորության 24 երիտասարդների, ովքեր կքննարկեն ու կմշակեն համատեղ նախագծեր: 2012-2013 թվականներին «Արեւելյան գործընկերության» երկրներում երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը Եվրամիության համար հիմնական առաջնահերթություններից մեկն է:
Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի «Արեւելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցիչի շրջանակում 2012-2013 թվականներին Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում եւ Ադրբեջանում նախատեսվում է իրականացնել երիտասարդական տասնյակ միջոցառումներ: Բրիտանական խորհրդի «Play Your East Part I» կապերի հաստատման սեմինարը նպատակ ունի գիտելիքներ եւ հմտություններ փոխանցել երիտասարդներին, որպեսզի նրանք հետագայում «Արեւելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցիչի շրջանակում կազմեն համատեղ ծրագրեր:
Ծրագրին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք քննարկելու են «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի «Արեւելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցիչի շրջանակում սեմինարների, փոխանակման եւ կամավորական ծրագրերի իրականացումը: Միացյալ Թագավորության մասնակիցների ներգրավումը ծրագրին նպատակ ունի համագործակցության հնարավորություններ ստեղծել Մեծ Բրիտանիայի եւ Արեւելյան գործընկեր վեց երկրների միջեւ:
«Սեմինարին մասնակցում են երիտասարդներ, ովքեր իրենց երկրներում ծրագրերի իրականացման որոշակի փորձ արդեն ունեն: Այս սեմինարը հրաշալի հնարավորություն է ոչ միայն ուսումնասիրել Եվրամիության ընձեռած նոր հնարավորությունները, այլեւ հաստատել կապեր, որոնք էական եւ որոշիչ նշանակություն ունեն հաջող ծրագրեր նախաձեռնելու գործում»,-ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Ծրագրի մասնակիցներն այցելելու են Երեւանում գործող եւ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի իրականացման փորձ ունեցող երիտասարդական կազմակերպություններ` ծանոթանալու տեղական ՀԿ-ների փորձին եւ կամավորական նախաձեռնություններին:




























