Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 14-ին, տեղի է ունեցել Մարիամ Գեւորգյանի գործով դատավարության առաջին նիստը, ով ամուսնու եւ սկեսուրի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել: Դատավորը բավարարել է մեղադրվող Հայկանուշ Մելիքյանի պաշտպանի` նկարահանումներն արգելելու մասին միջնորդությունը: Տուժողի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը նյութերին ծանոթանալու եւ տիրապետելու օրենքի սահմանված ժամանակահատված չէր ստացել, հետեւաբար դատական նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 29-ին ժամը 14:00-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարսներին դաժանաբար ծեծի եւ կտտանքների ենթարկելու մեջ մեղադրվող սկեսուրի հանդեպ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձին դաժանությամբ խոշտանգում) եւ 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Նշենք նաեւ, որ Հայաստանի Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010 թվականին հարուցվել է թիվ 26117910 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է` առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանի եւ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գեւորգյանի` հանցագործության մասին ներկայացված գրավոր հաղորդումներն այն մասին, որ Հայկանուշ Միքայելյանը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը պարբերաբար 2005 թվականի դեկտեմբերից մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր ամիսը ժամանակ առ ժամանակ նաեւ իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին եւ Մարիամ Գեւորգյանին: Քննիչի 2010-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը( եւ 118-րդ հոդվածով (ծեծ), սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:




























