Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-երում) բաշխիչ աշտարակներ տեղադրելու մասին NEWS.am-ի հրապարակումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը ցանկություն հայտնեց լրացուցիչ պարզաբանումներ տալ: Ստորեւ ներկայացնում ենք Լ. Խալիկյանի հետ մեր հարցազրույցը:

Պրն. Խալիկյան, վերջին շրջանում ձեր տեսչությունը բավականին ինտենսիվ իրականացնում է գազալցակայանների ստուգումներ` բաշխիչ աշտարակների տեղակայումը ճշտելու համար: Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը:

Կառավարությունը դեռ 2008 թ. ընդունեց որոշում այն մասին, որ բոլոր ԱԳԼՃԿ-երում պետք է տեղադրվեն բաշխիչ աշտարակներ: Դա բխում է թե սպառողների անվտանգության, թե ստվերը վերացնելու նկատառումներից: Սակայն 2009 թ. ճգնաժամի հետ կապված կառավարությունը հետաձգեց բաշխիչ աշտարակների տեղադրումը, քանի որ դա ծախսատար գործընթաց է: 2011 թ. օգոստոսին տեսչությունը վերսկսեց ստուգումները: Այդ պահի դրությամբ ընդամենը 5 գազալցակայանում էր տեղադրված բաշխիչ աշտարակ: Մեր կողմից կատարվել է 184 գազալցակայանի ստուգում, եւ  այդ ընթացքում պարզվել է, որ տեղադրել էր ընդամենը 23 տնտեսվարող սուբյեկտ: Ստուգումներից հետո 151 գազալցակայան (մոտ կեսը) տեղադրեց այդ բաշխիչ աշտարակը: Նշեմ, որ Հայաստանում 259 կազմակերպություն զբաղվում է այդ գործունեությամբ, առկա է 303 ԱԳԼՃԿ:

Տպավորություն կա, որ գազալցակայանները դիմադրում են բաշխիչ աշտարակների տեղադրմանը, ինչո՞վ եք դա պայմանավորում:  

Նախ` դա ծախսատար է` մեկ բաշխիչ աշտարակն արժե 7-10 հազ. դոլար: Սակայն մենք թույլ ենք տվել ԱԳԼՃԿ-երին` ըստ հայեցողության ընտրել բաշխիչ աշտարակ` տեղական արտադրության, չինական, Վրաստանից ներմուծված կամ եվրոպական շատ բարձրակարգ: Երկրորդ` բաշխիչ աշտարակի բացակայությունը թույլ է տալիս ԱԳԼՃԿ-ին աշխատել ստվերում: Շատ ցավալի խնդիր է թեյավճարի խնդիրը: Այնտեղ, որտեղ բաշխիչ աշտարակ կա, թեյավճարը բացառվում է: Իսկ որում տեղադրված չի` թեյավճար են տալիս, որպեսզի ճնշումը բարձրացնեն: Բաշխիչ աշտարակը հնարավորություն չի տալիս 200-ից ավելի ճնշումով լիցքավորել: Իսկ երբ բացակայում է բաշխիչ աշտարակը, 200-ի փոխարեն լիցքավորում են 250, 270 ճնշումով, դրանից էլ գազի բալոնը կարող է պայթել:

ԱԳԼՃԿ-երի մի մասին տուգանում եք 50 հազ., մյուս մասին` 100 հազ. դրամ: Ինչո՞վ եք դա բացատրում:

Այն գազալցակայանները, որոնք ունեին պայմանագիր, գործընթացը սկսված էր, տուգանվել են նվազագույն` 50 հազ. դրամով: Իսկ պայմանագրերի բացակայության դեպքում տուգանքը նշանակում ենք 100 հազ. դրամ:

Իսկ կա՞ն գործունեությունը կասեցված գազալցակայաններ:

Մենք ստուգումներն իրականացնում ենք 3 փուլով: Առաջին փուլով նամակներով եւ լրատվամիջոցներով տեղեկացնում ենք տնտեսվարող սուբյեկտին բաշխիչ աշտարակների տեղադրման անհրաժեշտության մասին: Երկրորդ փուլով տեղում ստուգումներ ենք իրականացնում: Երրորդ փուլն արդեն կասեցման փուլն է, բայց մենք դեռ նոր ենք ավարտել ստուգումները: Վերջինս ինքնին բավականին ծավալուն աշխատանք է:

Բոլորին հայտնի է, որ այս շուկայում կան գերիշխող դիրք գրավողներ, այդ թվում` հայտնի քաղաքական գործիչ: Ինչպե՞ս եք նրանց վերաբերում:

Շուկայում կան մի քանի խոշոր կազմակերպություններ: Բոլորն էլ  տուգանվել են, եւ տուգանվել են առավելագույն չափով: Այդ թվում` նաեւ ում մասին ակնարկում եք:

Զրուցեց` Սամվել Ավագյանը