NASA-ի գիտնականները կազմել են, այսպես կոչված, «զրոյական վարագույրի» (zero curtain) առաջին մանրամասն քարտեզները՝ այն ժամանակահատվածի, երբ արկտիկական հողը աշնան սկսվելուց հետո կամ գարնանային հալոցքի ընթացքում կարող է օրերով կամ նույնիսկ շաբաթներով մնալ սառեցման կետի մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Երևույթն առաջանում է թաքնված ջերմության պատճառով, որը արտազատվում կամ կլանվում է հողի մեջ ջրի սառեցման և հալման ժամանակ։ Աշնանը սառչող ջուրը ջերմություն է արձակում՝ թույլ չտալով, որ հողը արագ սառչի, իսկ գարնանը հալվող սառույցը կլանում է ջերմությունը՝ պահելով հողի ջերմաստիճանը մոտ 0 °C-ի։
Սա կարևոր նշանակություն ունի կլիմայի համար։ Նման պայմաններում հողի մեջ գտնվող միկրոօրգանիզմները կարող են ավելի երկար մնալ ակտիվ և արտազատել ածխաթթու գազ ու մեթան։ Միաժամանակ Արկտիկայի հավերժական սառած հողերը պարունակում են մոտ 1,9 տրիլիոն տոննա օրգանական ածխածին՝ գրեթե երկու անգամ ավելի, քան այժմ կա Երկրի մթնոլորտում։
«Զրոյական վարագույրի» քարտեզագրման համար հետազոտողները մշակել են GeoCryoAI արհեստական բանականության համակարգը։ Այն միավորում է արբանյակային դիտարկումները, կլիմայական մոդելավորման արդյունքները և ցամաքային չափումները, որոնցից ամենահները վերաբերում են 1891 թվականին։
Քարտեզները ցույց են տվել, որ սառեցման կետի մոտ գարնանային ժամանակահատվածը սովորաբար զգալիորեն ավելի երկար է, քան աշնանայինը։ Բացի այդ, ավելի խոնավ շրջաններում «զրոյական վարագույրը» պահպանվում է ավելի երկար։
Հետազոտողները նախատեսում են մշակված համակարգը օգտագործել NISAR արբանյակային առաքելության տվյալների հետ միասին, որը NASA-ի և Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) համատեղ նախագիծն է։ Սա թույլ կտա ավելի լավ հետևել կլիմայի փոփոխությանը սառած արկտիկական լանդշաֆտների արձագանքին և ավելի ճշգրիտ գնահատել ջերմոցային գազերի ապագա արտանետումները։





























