Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանա Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ նրա հետ կոալիցիա կազմի, կդառնա հերթական «Օրինաց երկիր»-ը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

«ԲՀԿ-ն կոալիցիա կազմելով՝ կդառնա հերթական ՕԵԿ-ը: Ես կոալիցիայի իմաստ չեմ տեսնում: Կկազմվի կոալիցիա, թե` ոչ, միեւնույն է, քաղաքական դաշտը սպառված է: Միաժամանակ կարծում եմ, որ նախագահական ընտրությունների ժամանակ կլինի կա՛մ մեկ իշխանական թեկնածու, կա՛մ էլ մեկ իշխանական եւ մեկ հասարակության թեկնածու»,- նշեց նա: Մյուս վարկածի համաձայն՝ կլինի մեկ հիմնական թեկնածու, եւ դա կլինի Սերժ Սարգսյանը։ Բայց վերջինս էլ այն դեպքում, երբ հասարակությունը չկարողանա իր թեկնածուն ունենալ:

Ստեփան Դանիելյանի փոխանցմամբ`  ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու մեկ հնարավորություն ունի, նա պետք է կոալիցիա կազմի ԲՀԿ-ի հետ, իսկ այդ դեպքում ԲՀԿ-ն պետք է սատարի Սերժ Սարգսյանին 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։

Ասուլիսի մյուս բանախոս՝ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն իր հերթին հավելեց, որ այս պահի դրությամբ հասարակության համապատասխան ներուժ, սեփական թեկնածուի առաջադրման մտայնություն չի տեսնում:

«Նաեւ չեմ տեսնում հասարակության կողմից նախագահի թեկնածուի: Ո՞վ կարող է իր ուսերին նման պատասխանատվություն վերցնել»,- նշեց նա` հավելելով, որ եթե հասարակությունն ինքնակազմակերպվի, ոչ մի ընտրախախտում չի կարող հաղթանակ բերել հասարակությանը ոչ ցանկալի թեկնածուին:

Ղուկասյանի խոսքով՝ ԲՀԿ-ի այս անգամ հավաքած մեծ թվով քվեները հիմք են տալիս ասելու, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվելու հնարավորություն կունենա: Նա նաեւ նշեց, որ ԱԺ անցած փոքրաթիվ ընդդիմադիր գործիչները չեն կարող օրակարգ փոփոխել:

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո դեռ հստակ չէ ԲՀԿ-ն կկազմի կոալիցիա ՀՀԿ-ի հետ, թե կպահպանի նախընտրական շրջանում ընդդիմադիրի իմիջ ձեռք բերած քաղաքական ուժի կերպարը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի