ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը մտադիր է դեկտեմբերի 17-ին քննարկել Ադրբեջանի ժողովրդավարացման, այդ երկրում իրավունքների եւ ազատությունների պահպանման հարցը։ Սակայն նախանշված քննարկումները, ավանդույթի համաձայն, բոլոր հնարավորություններն ունեն վերածվելու թատերական ներկայացման, քանի որ եվրակառույցները, տնտեսական շահերից ելնելով, օբյեկտիվ գնահատական չեն տալիս Ադրբեջանում առկա իրավիճակին։

Այդ երկրի իշխանությունների վստահությունը նրանում է, որ իրենց ոչինչ չի սպառնում։ Բաքվի հեռուստա եւ ռադիոընկերությունների տեղեկատվական քաղաքականությանը հետեւելով՝ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը ԵԽԽՎ ամենաօրինակելի անդամ-երկրներից է։

Իսկ Իլհամ Ալիեւը եւ նրան շրջապատող մարդիկ հպարտանալու տեղ ունեն։ Երկրում չկա մի հեռուստա կամ ռադիո ընկերություն, որն առավոտից երեկո զբաղված չլինի «համազգային լիդեր» Հեյդար Ալիեւի եւ նրա որդու քարոզով։ Ավելի համոզիչ լինելու համար վերջերս այդ երկրի հեռուստաառադիոխորհուրդը արգելեց արեւմտյան մի քանի՝ «ВВС», «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների եթեր հեռարձակումը։

Ալիեւյան կլանը մեծ ձեռքբերումներ ունի նաեւ ընդդիմության դեմ պայքարում։ Ճիշտ է, վերջինս իր բնույթով ազգային-ֆաշիստական է, բայց միեւնույնն է, նրան շատ են ճզմում։ Նրանք չեն կարող երազել Բաքվի կենտրոնում անցկացվող ցույցերի մասին, քանի որ նման ցանկացած փորձ կանխվում է։ Եթե սրան ավելացնենք բանտերում գտնվող ընդդիմադիր լրագրողների փաստը, ապա Ադրբեջանը հնարավոր է համարել ԵԽԽՎ անդամ-երկրներից «ամենաժողովրդավարը»։

Սակայն ադրբեջանական իշխանությունները անհանգստանալու պատճառ չունեն։ Քանի դեռ կա նավթը, Արեւմուտքը պատրաստ է աչք փակել Հարավային Կովկասում ձեւավորվող ավտորիտար հանրապետության վրա։ Դա իհարկե, հավերժ չի շարունակվի, սակայն Իլհամ Ալիեւը դեռեւս ժամանակ ունի ժողովրդավարություն կառուցելու համար։