Եվրախորհրդարանը դեկտեմբերի 16-ին բանաձեւ է ընդունել «Ադրբեջանում խոսքի ազատության մասին» վերտառությամբ, որտեղ կոշտ գնահատականներ են տրվել Ադրբեջանում խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատության վիճակին, հայտնում է Turan գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով, փաստաթուղթն ընդունվել է պատգամավորների մեծ մասի նախաձեռնությամբ, որոնք ամփոփել են միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու Ադրբեջանում ԶԼՄ աշխատակիցների դատավճիռների, հետապնդումների եւ սպառնալիքների փաստերը:

Եվրախորհրդարանը «անհանգստություն է հայտնում Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակի վատթարացման կապակցությամբ, դատապարտում է ընդդիմադիր լրագրողների հետապնդումները, դատապարտումներն ու ձերբակալությունները՝ տարբեր քրեական մեղադրանքներով, եւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին»:

Եվրախորհրդարանը պահանջում է նաեւ թույլատրել BBC, «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակումը, որոնք արգելվել էին 2008թ դեկտեմբերին:

Բանաձեւում նաեւ նշվում է Բաքվի եւ Բրյուսելի միջեւ երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը՝ մարդու իրավունքների, արդարադատության ոլորտում բարեփոխումների անցկացման, ներգաղթյալների իրավունքների եւ այլ հարցերում:

Ամփոփման մեջ Եվրախորհրդարանը պահանջում է վերանայել ԶԼՄ-ների նկատմամբ անվտանգության կառույցների վերաբերմունքը՝ քանի որ «նրանց աշխատանքն ու ոճը հեռացնում են Ադրբեջանին Եվրամիությունից»: