Լա Մանշի մոտ գտնվող թունելում, որը Բրիտանիան կապում է Եվրոպայի հետ, Eurostar ընկերության երեք գնացքներ են մնացել։
Ինչպես հայտնում է BBC-ն, տեխնիկական խնդիրները ծագել են Ֆրանսիայի հյուսիսում տեղացած ձյան եւ եղանակային պայմանների վատացման հետեւանքով։ Ինչպես հայտնել է Eurostar ընկերության տնօրենը, գնացքների՝ թունելում մնալու պատճառը ջերմաստիճանի տարբերությունն է եղել թունելի ներսում եւ դրանից դուրս։
Երթեւեկությունն այդ հատվածում ամբողջովին կաթվածահար է, 1.5 հազար ուղեւորների տարհանման համար դատարկ գնացք է ուղարկվել։
AFP-ի տվյալներով, թունելի խցանման պատճառով հետ են ուղարկվել եւս երկու՝ Փարիզից եւ Բրյուսելից Լոնդոն մեկնող գնացքները։
Բրիտանիայի իշխանությունները անհանգստացած են, որ սպասվելիք տեղումները կարող են ավելի մեծ դժվարությունների պատճառ դառնալ։




























