Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հանդիպեցին Կոպենհագենում: Թուրքական Gercekgun կայքէջի փոխանցմամբ` Իսրայելի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպումը անցել է դրական եւ բարեկամական մթնոլորտում:

Իսրայելական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահը ընդունել է Շիմոն Պերեսի հրավերը` այցելել Իսրայել: Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել Իսրայելի եւ նրա հարեւանների միջեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Աբդուլլահ Գյուլին` Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի համար: Գյուլն էլ իր հերթին Պերեսին է շնորհակալություն հայտնել Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ ուղարկած անկեղծ ցանկության համար, եւ հայտնել է, որ ընդունում է Իսրայել այցի հրավերը:

Նշենք, որ սա նախագահների առաջին հանդիպումն է վերջին շրջանում Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների սրման համապատկերում: