Ազգային ժողովի առաջին աշխատանքային շաբաթը ավարտվեց: Այն անցավ բավականին բուռն` քննարկումների, բանավեճերի եւ քննադատությունների մթնոլորտում: Այսպես գնահատեցին ԱԺ առաջին աշխատանքային շաբաթը բոլոր խորհրդարանական ուժերը` անկախ իրենց որդեգրած քաղաքականությունից եւ դիրքորոշումից:
Այսպես, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ԱԺ առաջին աշխատանքային շաբաթը գնահատեց շատ դրական, կառուցողական, արդյունավետ, որովհետեւ «այս գումարման ԱԺ-ն ցույց տվեց, որ բոլոր հնարավորություններ ունի դառնալու իրական բազմակարծության ամբիոն»: «Շատ կարեւոր է, որ մենք տեսանք, որ թե Կառավարության ծրագրի քննարկումը, թե օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ քաղաքական բազմակարծությունների, դեբատների ժամանակ բացակայում էր անձնական վիրավորանքը, թեեւ կային նաեւ քաղաքական պոպուլիզմի եւ նիհիլիզմի տարրեր, բայց դրա տեսակարար կշիռը մեծ չէր, հիմնականում պայքարը գնում էր գաղափարական»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` ընդդիմությունը, ինչպես հարկն է, պետք է քննադատի եւ քննադատում է, իշխանությունն էլ աշխատի եւ պատասխանի քննադատությանը, դրանում որեւէ արտառոց բան չկա: «Իշխանությունը համերաշխ է, հանդուրժող է եւ պատրաստ է լսել բոլոր կառուցողական առաջարկությունները: Մեկ ուրախալի փաստ կա, մեր ընդդիմադիր գործընկերները չգնացին քաղաքական նիհիլիզմի ճանապարհով, չառաջնորդվեցին, որ այն, ինչը իշխանությունն է ներկայացնում, վատն է, սկզբունքով»,- ասաց նա` օրինակ բերելով ատահերթ նիստի ժամանակ եղած մի քանի օրինագծեր, որոնք անցան միաձայն: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ «ՀՀԿ-ի դիմադրողականությունը շատ բարձր է, իմունիտետն էլ հետը, ՀՀԿ-ն դիմադրելու խնդիր չունի, ՀՀԿ-ն ինքն է միշտ որպես ժողովրդավար ուժ, նախաձեռնել քաղաքական դեբատներ»:
ՀՀԿ նախկին կոալիցիոն գործընկեր, իրեն կառուցողական այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ԱԺ առաջին աշխատանքային շաբաթը գնահատեց բուռն եւ բավականին ծանր: «Տպավորիչ էր, եթե այսպես շարունակվի, ապա պառլամենտարիզմի որակը Հայաստանում զգալիորեն կբարձրանա: Անշուշտ, կան վերապահումներ` կազմի հետ կապված, բայց այս խորհրդարանը համարում եմ փոքր-ինչ ավելի բարձր մակարդակի, քան մինչ այժմ»,- նշեց նա: Իսկ թե ինչու ԲՀԿ-ն կողմ քվերակեց Սեւանա լճից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու՝ Կառավարության նախագծին, ապա պատգամավորը նշեց, որ այստեղ կա ժողովրդական շահը, գյուղացին ունի ոռոգման խնդիր, իսկ այնտեղ, որտեղ կա ուրվագծվող քաղաքացու շահ, պիտի գնան դրա հետեւից:
ԲՀԿ-ի` Սեւանի օրինագծին կողմ քվեարկելը տարակուսանք առաջացրեց խորհրդարանական ընդդիմության մոտ, քանի որ, մի կողմից ԲՀԿ-ն իրեն հռչակել էր կառուցողական այլընտրանք, դեմ էր քվեարկել Կառավարության ծրագրին, բայց մյուս կողմից` իշխանության ներկայացրած այս նախագծին կողմ էր: Խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով` ԱԺ-ում բազմակարծություն կար, անկախ արդյունքից, այդ բուռն քննարկումները իրեն բավարարեցին, «դրանք պառլամենտական էին»: Ինչ վերաբերում է ԲՀԿ պահվածքին, ապա, պատգամավորը նշեց, որ Հայաստանում քաղաքական կարգը ընդհանուր օրինաչափություններին չի ենթարկվում, եւ խորհրդարանում քաղաքական քարտեզը ամբողջությամբ հստակեցված չէ, հստակեցման կարիք ունի: «ԲՀԿ-ն իրեն համարում է խիստ կառուցողական այլընտրանք, այդ քաղաքագիտական ձեւակերպումը ես առաջին անգամ եմ լսում, ես ծանոթ չեմ այդպիսի տերմինին, ընթացքում կզգամ, թե ինչ է նշանակում»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Մեկ այլ ընդդիմադիր խմբակցության` Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս պնդեց, որ սա միանշանակ մեկ այլ պառլամենտ է, քան նախկինում եղել է` շնորհիվ ակտիվության եւ քննարկումների: Նա Կառավարության ծրագիրը համարեց հերթական անգամ ձախողված եւ կարծիք հայտնեց, որ ապագա 5 տարիներին մեր ժողովուրդը դատապարտված է սոցիալական ծանր վիճակին: «Ձախողված վարչապետին հերթական անգամ իշխանության բերելը նշանակում է նորից թքել մեր ժողովրդի երեսին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի պահվածքին, ապա դեռեւս այն հստակ չէ նաեւ Լյուդմիլա Սարգսյանի համար, քանի որ ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», ովքեր իրենց հայտարարել են ընդդիմություն, ԲՀԿ-ի դեպքում շատ լղոզված է եւ դիրքորոշումներում հստակություն պետք է մտցվի: «Կամ պետք է ընդդիմության դաշտում լինեն, կամ էլ մտնեն իշխանական թեւ, անկախ նրանից, որ չեն մտել կոալիցիայի մեջ: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է հետեւություններ անի եւ գտնի իր դաշտը, տեսանելի դարձնի, թե որ դաշտում է գործում: ԲՀԿ-ն իրեն համարում է կառուցողական ընդդիմություն., ես կարծում եմ, որ կառուցողական ընդդիմություն չի լինում, կամ լինում է իշխանություն, կամ ընդդիմություն, մինչեւ սեպտեմբեր ժամանակ կա դիրքերը հստակեցնելու եւ ասելու, թե ում հետ են համագործակցում»,- ասաց նա: Լյուդմիլա Սարգհսյանը չի ցանկանում կարծիք հայտնել ԲՀԿ դիրքորոշման մասին, քանի դեռ ակնկալիք կա, որ նրանք կարող են դիտարկվել որպես գործընկեր, «ավելի լավ է զուսպ լինել եւ սպասել, քան ինչ-որ ակնկալում էինք, փչացնել»:




























