Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ 56-ամյա Մարտին Հակոբյանը, ով հունիսի 24-ին «Իժ» տեսակի մեկ փողանի որսորդական հրացանով կրծքավանդակին կրակելու միջոցով ինքնասպան էր եղել, 2 տարի է, ինչ տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Ծովազարդ գյուղի բնակիչները:

Նրանց փոխանցմամբ, Մարտինը նախկինում եւս ինքնասպանության փորձեր արել է, սակայն ոչ ոք, նույնիսկ ընտանիքի անդամները չգիտեին, թե որն է եղել հոգեկան խանգարման պատճառը: Վերջինս ամուսնացած է եղել, ունի կին եւ 2 որդի, որոնք ամուսնացած են եւ արդեն երեխաներ ունեն:

Տղաները շինարարական աշխատանքներով են զբաղվում եւ սոցիալական կարգավիճակը նորմալ է: «Շատ հարգված, սիրված ընտանիք են: Նախկինում Մարտինը շատ հանգիստ մարդ էր: Հիմա էլ դեղերով հանգստությունը պահպանվում էր: Նա ոչ ընտանիքի համար էր սպառնալիք հանդիսանում, ոչ` համագյուղացիների»,- ներկայացրեցին համագյուղացիները:

Հարցին, թե հրացանը նրան որտեղից, գյուղացիները պատասխանեցին, որ իրենց համար էլ է դա անակնկալ եւ անհասկանալի: Շատերը նշում էին, որ հնարավոր է պապից ժառանգած լինի, բայց նրանց ընտանիքի անդամներն ասել են, որ չեն իմացել հրացանի մասին:

Համագյուղացիներից նաեւ տեղեկացանք, որ ինքնասպանությունից առաջ Մարտինը ընտանիքի անդամների հետ ոչինչ չի խոսել եւ գրություն չի թողել: Ոչխարները տարել խառնել է արոտավայր գնացող ոչխարների հոտին եւ եկել տուն: Երկու տղաները գնացել են գործի, կինն ու հարսն էլ պատրաստվել են հաց ուտել եւ կրակոցի ձայն են լսել, սակայն կարծել են անվադողի պայթյուն է, քանի որ իրենց տունը ճանապարհին մոտ է:

Ավելի ուշ հարսը պատուհանից սկեսրայրին նկատել է կռացած վիճակում եւ կարծել է, թե ինչ-որ գործ է անում: Իսկ, երբ Մարտինի կինը գնացել է, որ ամուսնուն հաց ուտելու կանչի, ձեռք է տվել եւ տեսել, որ արդեն մահացած է:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում, հունիսի 24-ին, «Իժ » տեսակի մեկ փողանի որսորդական հրացանով կրծքավանդակին կրակելու միջոցով ինքնասպան է եղել 56-ամյա Մարտին Խաչիկի Հակոբյանը: Վերջինս տառապում էր պարանոիդ խանգարում հիվանդությամբ, իսկ ինքնասպանությունը գործել է 10.00-ի սահմաններում` իրենց առանձնատան հարակից խորդանոցի մուտքի մոտ: