«Առավոտը» գրում է, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանին:

«Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրեւ թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին, ովքեր մեծամասամբ 2000 դրամով «գործ էին անում» Գյումրու կայարանում գտնվող տնակային պարի դպրոցում:

Գեւորգ Թադեւոսյանը մինչեւ վերջ չխոստովանեց իր հանցագործությունը: Դատարանն այսօր վերաորակեց նրա արարքը. քանի որ Գեւորգ Թադեւոսյանը սկզբում բռունցքով հարվածել ու գցել էր Մարիին, նրան թվացել էր, թե երիտասարդ կինը մեռած է ու տարել էր պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ իր արածի հետքերը ծածկելու` նրա դիակը այրելու: Սակայն պարզվում է, որ Մարին ուշագնաց է եղել, ու Գեւորգ Թադեւոսյանը փաստացի այրել է կենդանի մարդուն: Փաստորեն, եթե նախկինում նրան մեղադրում էին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, ապա դատարանը վերաորակավորեց հոդվածը` գտնելով, որ նա ապօրինաբար կյանքից զրկել է երիտասարդ կնոջը:

Ինչեւէ, դատարանը ի նկատի ունենալով, որ նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, հասարակության համար խիստ վտանգավոր արարք է գործել, նախկինում դատված է եղել, 3 տարի ազատազրկման է դատապարտվել, նրան պատասխանատվության ենթարկեց քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 34 ու 104 հոդվածների առաջին մասով` սահմանելով 11 տարի ժամկետով ազատազրկում, եւ 109 հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով: Վերջնական պատիժ սահմանվեց 13 տարին:

Ի դեպ, ըստ վճռի, Գեւորգ Թադեւոսյանը թեթեւ աստիճանի մտավոր հետամնաց է, եւ դատարանը գտավ, որ նա պետք է գտնվի նյարդահոգեբանի հսկողության տակ:

Նշենք, որ 4 տարի առաջ Ալվարդ Թադեւոսյանի պատճառով ազատազրկման դատապարտվեցին մի խումբ երիտասարդ տղաներ` նրա հարազատ եղբայրը, եղբոր ընկերը, նախկին ամուսինը, սկեսրայրը, որոնք նույնպես նույն տեղում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածքում, կենդանի-կենդանի այրել էին մի տղամարդու` իբրեւ թե Ալվարդիկի վրա աչք ունենալու համար: Իսկ մարմնավաճառ Ալվարդիկը (այդպես են նրան անվանում հարազատները), որի պատճառով այսքան մարդ է նստել, այսօր դատարանի դահլիճ մտնելով, ուրախ-ուրախ շնորհավորում էր ձեռնաշղթայված հորը` Գեւորգ Թադեւոսյանին, ծննդյան օրվա կապակցությամբ»: