NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է իրանական Iran Review-ում հրապարակված միջազգային եւ աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Ալի Վալիգոլիզադեի հոդվածը.

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջերս այցելեց Հարավային Կովկաս: Այցի հետ համընկած ապակայունացման նոր փուլի պատճառներ են  Լեռնային Ղարաբաղում պատերազմի հրահրման փորձերը, ինչպես նաեւ Վաշինգտոնի քաղաքականության ազդեցությունը ընդհանուր մթնոլորտի վրա, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական  մրցակցությունը: Այն, ինչ կատարվեց վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանում, արդեն իսկ գրավել է միջազգային հանրության ուշադրությունը:  Նոր իրադարձություններն առաջացնում են  նոր հարցեր քաղաքագետների շրջանում. հնարավո՞ր է, որ այդ հարեւան երկրները սկսեն նոր պատերազմ: Այս հարցին պատասխանելը բավականին բարդ է:   Ներկայումս  երկրներից ոչ մեկն  իրականում  պատրաստ չէ նոր պատերազմի: Հայաստանը չի ցանկանում  մասնակցել  այդպիսի պատերազմի  իր տնտեսական խնդիրների պատճառով, իսկ Ադրբեջանը նույնպես տրամադրված չէ  վճռական պատերազմ սկսել` երկրում սոցիալական վիճակի պատճառով:

Սակայն  աշխարհաքաղաքական հոգեբանությունը վկայում է այն մասին,  որ  ղարաբաղյան ճգնաժամի  սկզբից երկու տասնամյակ անց եւ խաղաղ բանակցություններում  երկար փակուղուց  հետո  ադրբեջանցի ժողովուրդը եւ հասարակական կարծիքը պատմական  եւ ինքնության հետ  կապված ստորացման զգացումով է տառապում: Այդ զգացումն այնքան խորն է, որ Ադրբեջանի ժողովուրդը  ռազմական ուղին դիտարկում է  որպես միակը իր պատմական, ինչպես նաեւ տարածքային արժանապատվությունը վերականգնելու համար:

Իրականում ղարաբաղյան հարցը դարձել է աշխարհաքաղաքական  սեւ անցք, որը  խժռում է  տարբեր, իսկ երբեմն եւ այդ ճգնաժամում խոշոր խաղացողների լրիվ հակասական, ազգային եւ ռազմավարական  շահերը: Արդյունքում ճգնաժամը կարող է  վաղ թե ուշ առաջացնել հրաբուխի ժայթքում, որն առաջ կբերի  անկայունություն ամբողջ տարածաշրջանում: Միաժամանակ ԱՄՆ -ն առանցքային խաղացողներից մեկն է ղարաբաղյան ճգնաժամում, որոնք հետապնդում են սեփական շահերը:

Գաղափարը նրանում է, որ Վաշինգտոնը դեմ չէ հաստատել մշտական ազդեցություն Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ նույնիսկ Եվրոպայի հետ մրցակցությունում: Այդ միտման պատճառը  պետք է փնտրել  Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության երկու խոշոր բաղադրիչների մեջ: Առաջին բաղադրիչը` հաստատել ազդեցություն  աշխարհի առանցքային տարածաշրջաններում  (այդ թվում նաեւ Ղարաբաղում)` ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանության նպատակով: Քաղաքականության երկրորդ բաղադրիչը վերաբերում է  էներգիայի անվտանգ աղբյուրների փնտրտուքին: Հենց այս պատճառով էլ  Վաշինգտոնը միչեւ այժմ խուսափում էր  ղարաբաղյան ճգնաժամի նկատմամբ իր մոտեցման թափանցիկությունից:

Վաշինգտոնը հիմնել է  բազմաթիվ տարբեր առեւտրային եւ մշակութային ընկերություններ Ադրբեջանում, եւ ընդլայնելով  բազմակողմանի հարաբերությունները կովկասյան այդ հանրապետության հետ, ձգտում է արժանանալ Բաքվի վստահությանը այն պատրվակի տակ, որ օգնում է նրան վերադարձնել  Ղարաբաղի օկուպացված տարածքները: Միաժամանակ Վաշինգտոնը ձգտում է  բարելավել առեւտրային եւ քաղաքական  հարաբերությունները Ադրբեջանի հետ`երկիրը Ռուսաստանի եւ Իրանի դեմ Հարավային Կովկասի ռազմավարական տարածաշրջանի սահմաններում անվտանգ բազա դարձնելու համար: Նախկին Խորհրդային Միության  հանրապետություններից  Ադրբեջանը ամենամեծ ցանկությունն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: Բաքուն Ռուսաստանին համարում է  Ղարաբաղի ճգնաժամի հիմնական  պատճառը, ինչպես նաեւ  ունի լուրջ տարաձայնություններ Իրանի հետ գաղափարական եւ ազգային  հարցերի առումով: Մյուս կողմից ԱՄՆ հատկացնում է բավականին ֆինանսական օգնություն Ղարաբաղին, միաժամանակ աջակցելով հայկական Սփյուռքին:

Ըստ տեղեկությունների, Հայաստանի կառավարության  բյուջեի մոտ կեսը կազմում է Վաշինգտոնի անհատույց օգնությունը եւ Ամերիկայի հայկական համայնքի ֆինանսական աջակցությունը: Իրականում, քանի որ Ռուսաստանը Հայաստանում  «ղեկի մոտ է կանգնած», Վաշինգտոնը փորձում է վերահսկել Հայաստանի կառավարության առնվազն մի կողմը` հսկայական ֆինանսական եւ քաղաքական աջակցության միջոցով: Այսպիսով, վերջին տարիներին նա  դարձել է հայերի  համոզված կողմնակիցը:

Վերը նշված փաստերի արդյունքում Վաշինգտոնը  մի կողմից աջակցում է Հայաստանին, բայց հայտարարում է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը. այսպիսի հակասական մոտեցումը բերել է նրան, որ հակամարտության երկու կողմերը  հարցականի տակ են դնում  Վաշինգտոնի բարի կամքը:  Այդ պատճառով վերջին  իրադարձությունները Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանում  կարելի է համարել նախազգուշական  ահազանգ, քանի որ.1) ադրբեջանցի եւ նույնիսկ հայ ժողովուրդը, որոնք երկար տարիներ  ապրում են վատ սոցիալական պայմաններում եւ տնտեսական աղքատության մեջ, կորցնում են համբերությունը այդ խնդիրը շահարկող  միջնորդների ցինիկ միջամտության պատճառով, որոնք  պնդում են, թե փորձում են գտնել ղարաբաղյան ճգնաժամի  լուծումը, եւ 2) եթե  Ղարաբաղի խնդրի  լուծման գոյություն ունեցող միտումը  շարունակվի, Վաշինգտոնը պետք է  հրաժեշտ տա Հարավային  Կովկասին, քանի որ ղարաբայան ճգնաժամից երկու տասնամյակ անց, միակ բանը, ինչ  աշխարհաքաղաքական հոգեբանության տեսանկյունից  պահպանվում է  տարածաշրջանային գիտակցության մեջ, դա  պատմական եւ ինքնության հետ կապված ստորացումն է , որը նա կրել է  ճգնաժամի արդյունքում:

Մյուս կողմից, ռուսները լիովին  կարող են ընդգրկվել Ադրբեջանի եւ Հայաստանի  միջեւ  հնարավոր հակամարտության մեջ: Ռուսները, հատկապես  Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո, ընդհանրապես չեն ուզում  տեսնել ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում: Այսպիսով, Ղարաբաղի միջադեպերի եւ Քլինթոնի տարածաշրջանում  ներկայության համընկնումը նույնիսկ դիտարկվում է  որպես հարված Վաշինգտոնի հեղինակությանը Մոսկվայի առջեւ, քանի որ հակամարտությունը  կարելի է համարել  ուղիղ հետեւանք ղարաբաղյան ճգնաժամում  Վաշինգտոնի թույլ դիվանագիտության, որը կտրականապես տարբերվում է  Մոսկվայի դիվանագիտական նրբությունից: Միաժամանակ վերջին  մի քանի տարիների ընթացքում ռուս պետական  գործիչները  կարողացան անցկացնել եռակողմ հանդիպումներ, որոնց մասնակցել են  Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հարաբերականորեն հանգիստ եւ բարեկամական մթնոլորտում: Չնայած որ այդ հանդիպումները պտուղներ չտվեցին, դրանց շարունակումը կարող է կամաց-կամաց կոտրել երկու երկրների հասարակական կարծիքում գոյություն ունեցող տաբուն, ապացուցելով, որ  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ  հարաբերությունների վերականգնումը ոչ մի դեպքում չի կարելի համարել անհնարին: