Այսօր՝ դեկտեմբերի 25-ին սկսվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Թուրքիա:

Այցի ընթացքում, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է ունենալու իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապերի հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր, կայանալու է մտքերի փոխանակություն՝ երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, նաեւ ղարաբաղյան խնդրի շուրջ:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի այցը լավ հնարավորություն է փոխվստահությանը եւ համերշխությանը միտված քաղաքական կամքի ամենաբարձր ներկայացման տեսանկյունից»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Որոշ տվյալներով՝ այցի ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացման մասին արձանագրությունը: