Թուրքիայում հայտնի սկանդալային Taraf թերթի թղթակից Մեհմեդ Բարանսուն դատախազության պահանջով բերման է ենթարկվել հարցաքննության։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ ավելի ուշ վերջինս ազատ է արձակվել։

Մեհմեդ Բարանսուին հարցաքննել են նրա կողմից հրապարակած «Վանդակ գործողության ծրագրի» փաստերի առնչությամբ։

«Վանդակ գործողությունների ծրագիրը» նախնական տեղեկություններով նպատակ ուներ ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

NEWS.am-ը ավելի վաղ եւս անդրադարձել է Մեհմեդ Բարանսուի կողմից հրապարակված ""Արդարություն եւ զարգացում" կուսակցության վերացման նախագծին"։ Այդ գործով եւս շարունակվում են հետաքննությունները։

Զինվորականության գլխին «փորձանք» դարձած Մեհմեդ Բարանսուին հաջողվել է ստանալ գաղտնի տեղեկություններ իշխանությունների դեմ զինվորականության կողմից նախապատրաստվող գործողությունների ծրագրերի մասին։

NEWS.am- հրապարակել էր Մեհմեդ Բարանսուի՝ Yeni Aktuel ամսագրին տված հարցազրույցը, որտեղ նա նշել էր, որ իր նախնիները եկել են Հայաստանից։

Նույն Taraf թերթում են աշխատում նաեւ մեր հայրենակից երկու լրագրողներ՝ պոլսահայ Սեւան Նշանյանը եւ Մարգար Եսայանը։

Ի դեպ Taraf թերթի թղթակից Մարգար Եսայանի հետ Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված NEWS.am-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում։