Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե քաղաքապետի որդին գնացել է եւ Սամվել Բալասանյանի տան շրջակայքում սպառնալիքներ հնչեցրել, բողոքի հանրահավաքներ է կազմակերպում եւ այլն:
«Վստահաբար կարող ենք ասել, որ այսօրինակ բամբասանքի տարածման հետեւում կանգնած են կոնկրետ հանձնառություն ունեցող շահագրգիռ մարդկանց խումբ, որոնք տարիներ շարունակ իրականցրել եւ շարունակում են իրականացնել տեղեկատվական սադրանք` վարկաբեկելով Գյումրիի քաղաքապետին եւ նրա ընտանիքի անդամներին: Սա շարունակությունն է 2007թ քաղաքապետի դեմ ուղղված կրակոցների եւ 2012թ նրա փեսացուի սպանության»,- ասաց նա:
Նրա խոսքով` տեղեկատվությունը տարածվում է մի քանի կայքերի միջոցով, ինչը խոսում է այն մասին, որ խունտա է աշխատում Վարդան Ղուկասյանի դեմ, անընդհատ նույն ձեռագիրն է: Մամուլի քարտուղարի համար անհասկանալի է, թե ինչու համար է այս ամենը արվում եւ ինչ են ուզում ապացուցել, բայց մեկ բան պարզ է` «նման տեղեկատվություն տարածողները պետք է պատասխան տան դրա համար»:
Ի դեպ, Վարդան Ղուկասյանի` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հետ կապված որեւէ հստակություն չկա, մամուլի քարտուղարը կրկնեց նույնը` »կգա ժամանակը, կասենաք»:
Վարդան Ղուկասյանի որդու «արարքների» հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի մամուլի քրատուղար Զոհրապ Եգանյանին: Նա նշեց, որ երբ Վարդան Ղուկասյանի տղան` Սպարտակը, եկել է Սամվել Բալասանյանի տան մոտ, պատգամավորը տանը չի եղել եւ այդ մասին իմացել է շրջակայքում ապրող մարդկանցից: Մարդիկ պատմել են, որ Ղուկասյաններին պատկանող մեկ ավտոմեքենա է եկել-կանգնել Սամվել Բալասանյանի տան շրջակայքում, ինչ-որ աղաղակներ, բարձր ձայներ, խոսակցություններ են լսվել: Բայց Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամներից ոչ մեկը կրակոցներ, սպառնալիքներ չի լսել:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե այդ դեպքից հետո Սամվել Բալասանյանն ավելացրել է թիկնապահների թիվը, Զոհրապ Եգանյանը նշեց, որ Սամվել Բալասանյանն ընդհանրապես թիկնապահներ չունի:
Իսկ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրվող ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու հարց կուսակցությունում չի քննարկվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել կառույցի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է shirakcentre.org կայքը:
Ըստ այդմ, մարզային կառույցի ղեկավարումը հանձնվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին: Նիստը վարել է ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Շիրակ Կենտրոնի փոխանցմամբ, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել քանզի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:
Սահակ Մինասյանը եւս հայտարարել է, որ ինքը մտադիր չէ առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու:




























